News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջույնի խոսքով դիմելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը Շվեյցարիայի հետ զարգացրել է դինամիկ եւ հետաքրքիր հարաբերություններ: Նախարարը երախտիքի խոսք հայտնեց ներկաներին, որ վերջիններս համառ եւ հետեւողականորեն պաշտպանում են իրենց ինքնությունը, պահպանում կապը հայրենիքի հետ եւ ստեղծում համայնքի համակարգային, շարունակականություն ապահովող կյանք: «Յուրաքանչյուրդ տարել եք այդ աշխատանքը, որպեսզի մեր ժողովրդի, մեր պատմության, մեր ինքնության արժեքները բավական ամուր լինեն»,- հավելեց նախարարը:

Նախարարը նշեց, որ լինելով նոր կառավարության անդամ՝ ստանձնել է այդ պատրաստակամությունը եւ ցանկությունը՝ կիսելու քաղաքական պատասխանատվությունն այսօրվա Հայաստանի համար: «Այն, որ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի կողմից տրված հսկայական ամուր մանդատ, ոգեւորիչ է, բայց եւ պարտավորեցնող: Մեր կառավարության գերակայություններն են արդարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմանների ապահովումը, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Կառավարությունը նաեւ մոբիլիզացնում է ուժերը, որպեսզի հստակ եւ կանխատեսելի զարգացման ծրագիրն իրականացնի»:

Նախարարը վերահաստատեց. «Հայաստանը հայրենիքի այն աշխարհագրական հատվածն է, որտեղ մենք վերականգնեցինք մեր ինքնավարությունը, մեր պետականությունը, մեր տեղը միջազգային հանրությունում, որտեղ մենք՝ որպես պետություն, կարող ենք պաշտպանել եւ զարգացնել մեր ինքնությունը եւ մեր արժեքները»: Վերջիններիս պահպանման համար, նախարարի հավաստմամբ, առկա են բազմաթիվ ինստիտուտներ՝ կրոնը, հավատքը, լեզուն, մշակույթը, փիլիսոփայությունը, միտքը, որոնք կարողացել ենք պահպանել դարերի ընթացքում եւ ճանաչել մեզ՝ որպես հայ:

Ես պատիվ եմ ունեցել աշխատելու եւ ապրելու աշխարհի տարբեր հատվածներում, եւ միշտ առնչվել եմ նույն վերաբերմունքին, որ Հայաստանի կյանքն անտարբեր չի թողնում հայերին, որտեղ էլ իրենք լինեն: Կարող են լինել քննադատական, իդեալիստական տարբեր մոտեցումներ, կարող են չհամաձայնվել, բանավիճել: Սա ի ցույց է դնում մեկ հստակ երեւույթ, որ որեւէ մեկն անտարբեր չէ այն ամենին, ինչ կոչվում է հայ, հայ ժողովուրդ եւ հայ պետականություն»:

«Միշտ գործ կա անելու միասին, միշտ ծրագրեր կան անելու միասին»,- իր խոսքը եզրափակեց նախարար Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ