News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Արարատ լեռան վրա աստղաֆիզիկոսներ Վահագն Գուրզադյանը եւ Սվեր Աարսեթը երկնաքարային խառնարան են հայտնաբերել։ Դրա վերաբերյալ հոդվածը շուտով կտպագրվի բրիտանական OBSERVATORY գիտական ամսագրում: Սակայն մինչ այդ, հայտնվելով Քորնելի համալսարանի կայքում, այդ լուրը տարածվել է աշխարհի տարբեր լրատվամիջոցներով` հիմնված Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի հաղորդագրության վրա: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրեց Վ. Գուրզադյանը։

Մասնագետների թիմը կարծում է, որ նրանք հավանաբար հայտնաբերել են երկնաքարային բնույթի խառնարան բիբլիական Արարատ լեռան վրա: Խառնարանը կարող է առաջացած լինել միլիոնավոր տարիներ առաջ:

Հայտնագործությունը կատարել են երկու ֆիզիկոս, որոնք ինչ-որ կերպ ստացել են թույլտվություն՝ մտնելու լեռան այն տարածքը, որը փակ է հասարակության համար. լեռան հյուսիսային եւ արեւմտյան լանջերը փակված են իշխանությունների կողմից: 

Արարատ լեռը գտնվում է Արեւելյան Թուրքիայում, Հայաստանի եւ Իրանի հետ փաստացի սահմանի մոտակայքում: Տարածաշրջանում քաղաքական իրավիճակը անկայուն է, այդ պատճառով էլ թուրքական իշխանությունները լեռան հյուսիսային եւ արեւմտյան մասերի մատչելիության սահմանափակումներ են դրել: Բայց բնաշխարհի գեղեցկությունը շատերին է հրապուրում, մանավանդ որ, ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո Նոյյան տապանն այնտեղ է հանգրվանել, թեեւ մինչեւ օրս ոչ մի հետք չի հայտնաբերվել:

Չնայած այդ սահմանափակումներին, գիտնականներ Վահագն Գուրզադյանին` Երեւանի ֆիզիկայի ինստիտուտից եւ Սվեր Աարսեթին` Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանից, հաջողվել է հետազոտել տարածքը: Նրանք հայտնաբերել են մի խառնարան, որը կարիք ունի հետագա հետազոտման՝ հաստատելու, որ իրոք այն երկնաքարային բնույթի է:

Խառնարանը գտնվում է 2.100 մետր բարձրության վրա, 39°47՛30՛՛ հյուսիսային եւ 44°14՛40՛՛ արեւելք կոորդինատներով: Ըստ նկարագրության, խառնարանն ունի մոտ 70 մետր տրամագիծ, մոտ 15 մետր խորություն: Գիտնականները գտնում են, որ խառնարանը կարող է ունենալ տիեզերական երկնաքարային հարվածի բնույթ, սակայն դրա հրաբխային բնույթը նույնպես չի բացառվում: Նրանք բացառում են խառնարանի սառցադաշտային բնույթը: Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ խառնարանի բնույթը եւ տարիքը պարզելու համար:

Նման հետազոտությունները, կարծում են մասնագետները, չափազանց կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս պարզելու երկնաքարերի հարվածների ազդեցությունը երկրագնդի անցյալի վրա:

Massachusetts Technology Review-ն նշում է, որ խառնարանը այդ գիտնականների միակ հայտնագործությունը չէ: Քանի որ տարածքը փակ է, փաստորեն հետազոտված չէ, Գուրզադյանին եւ Աարսեթին հաջողվել էր նկարահանել ավերակներ, որ ինչպես հետո պարզվել է, պատկանում են V-VI դդ. հայկական բազիլիկ եկեղեցու` մինչ այդ մասնագետներին անհայտ (այդ հետազոտության մասին հոդվածը Վ. Գուրզադյանը հրատարակել է համատեղ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ. Պատմա-բանասիրական հանդես, 2, 2006 - խմբ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ