Վրաստանի կառավարությունը մտադիր է կանեփի վերահսկողության գործակալություն ստեղծել: Նոր կառույցը հանրային իրավունքի իրավաբանական անձ է իրենից ներկայացնելու եւ կկառավարվի Գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարության կողմից, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Ծառայության նպատակը կանեփի օրինական շրջանառության հետ կապված հսկողությունն ու կարգավորումն է:
Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մշակված օրենսդրական նախաձեռնության համաձայն, նախատեսվում է լիցենզիա տրամադրել մարիխուանայի մշակման եւ արտադրության համար ` բժշկական եւ կոսմետիկ նպատակով հետագա արտահանման համար:
Գործակալությունը լիցենզիա կտրամադրի եւ կվերահսկի օրենքի կիրարկումը: Այն նաեւ Վրաստանի կառավարությանը եւ խորհրդարանին, ինչպես նաեւ ՄԱԿ-ին կատարած աշխատանքների մասին եռամսյակային եւ տարեկան հաշվետվություն կներկայացնի:
Նոր գործակալության հայտարարած խնդիրներից է կանխարգելիչ միջոցառումների ընդունումը կրթական ծրագրերի տեսքով եւ թմրամոլության տարածման կանխարգելման տեղեկատվական քարոզչությունը: