News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ վերջերս Հայաստան կատարած այցը մեծ ուշադրության է արժանացել Գերմանիայում ոչ միայն քաղաքական շրջանակների, այլեւ հայ համայնքի կողմից: Գերմանահայ հասարակության հանձնաժողովի նախագահ Րաֆֆի Քանթյանը կազմակերպության անունից հաղորդագրություն է տարածել՝ «Գերմանիայի կանցլեր Մերկելը Հայաստան. Կարեւոր եւ ճիշտ քայլ՝ գերմանական-հայկական հարաբերությունների բարելավման գործում» վերնագրով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ գնահատելի է Մերկելի այն քայլը, որ Հայաստան ժամանելուց հետո անմիջապես այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Եվ չնայած նա չի նշել «ցեղասպանություն» բառը, սակայն ակնհայտորեն հենց դա է նկատի ունեցել իր հետեւյալ խոսքերով. «Ես սա ծրագրել էի նաեւ Գերմանիայի Բունդեսթագի՝ 2016 թվականի հունիսի որոշմանը հարազատ մնալով: Վստահ եմ, որ դրանով կարեւոր քայլ է կատարվել հիշողության պահպանման մշակույթի զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ տրվել է քաղաքական սահմանում, չնայած այն արտաքնապես իրավական չէ»:

Գերմանահայ հասարակության ներկայացուցիչները վստահ են, որ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումները խիստ կարեւոր են, եւ այդ հարցում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ հաջողություններից է, եւ Գերմանիան կարեւոր դեր է խաղացել դրանում: Սրա վառ ապացույցը Մերկելի հայտարարությունն է այն մասին, որ «Գերմանիան ամեն ինչ կանի, որպեսզի Համաձայնագրով պայմանավորված հնարավորություններն իսկապես իրացվեն եւ կիրառվեն», որի արդյունքում ավելի խորը համագործակցություն կհաստատվի Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ:

Րաֆֆի Քանթյանի կարծիքով՝ սա եւ այն, որ Մերկելը Երեւանում հայտարարել է Արցախի հիմնախնդրի լուծման պատասխանատվությունը ստանձնելու մասին, վկայում են, որ Գերմանիայի եւ Հայաստանի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ Մերկելը Հարավային Կովկասում հոգեւոր առաջնորդներից այցելել է միայն Գարեգին 2-րդ կաթողիկոսին:

Տպել
Ամենաշատ