News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Le Monde de Droit իրավական ուղղվածությամբ պարբերականը «Դու պետք է նրան կալանավորես, անկախ նրանից՝ ուզում ես, թե՝ ոչ» վերնագրով ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում արդարադատության շուրջ առկա մտահոգություններին:

Հոդվածի համաձայն՝ Հայաստանում երեքշաբթի YouTube-ում հայտնված Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի միջեւ հեռախոսային զրույցի ձայնագրությունը բացահայտում է պատասխանատու գերատեսչությանը տրված հրահանգը՝ «ուզում է, թե՝ ոչ», նախկին նախագահին պետք է կալանավորել: Հոդվածագիրը Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է որպես Ռոբերտ Քոչարյանի երդվյալ թշնամի, որը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր՝ սկիզբ է դրվում անկախ արդարադատությանը:

Ըստ հոդվածի՝ 2008-ի մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց Նիկոլ Փաշինյանը, վարչապետ դառնալով, հրապարակային քննադատեց կաշառված դատարանները, ասաց, որ սրանից հետո դատավորները որեւէ մեկից որեւէ հրաման չեն ստանալու, ապա վերաբացեց Մարտի 1-ի քրեական գործը:

«Մարտի 1-ի գործը, իհարկե, կարեւոր է եւ պետք է, ի վերջո, լույս սփռվի այս գործի վրա, սակայն հետհեղափոխական նախաքննական մարմնի մեթոդների, արդար դատաքննության եւ գործադիր մարմնի կողմից անհանդուրժողականության առումով որոշակի մտահոգություններ կան»,- ասվում է հոդվածում:

Դրա համաձայն՝ Մարտի 1-ի գործը պետք է քննվի բացառապես իրավական դաշտում, հակառակ դեպքում՝ կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել. «Դա կարող է հանգեցնել պետության թուլացման, ինչն իր հերթին ապագայում Հայաստանի թշնամիներին թույլ կտա ՀՀ ներկա եւ ապագա իշխանություններին մեղադրել անկախ մարմինների գործունեությանը պաշտոնապես կամ քողարկված միջամտելու համար: Թուրքիան և Ադրբեջանն անհամբեր սպասում են դատավճիռներին՝ ոչ թե ժողովրդավարական արժեքների համար մտահոգությունից ելնելով, այլ տեսնելու, թե  ինչպես է Հայաստանն ինքն իրեն թուլացնում: Վենդետայից դրդված որոշումը ոչ թե ժողովրդավարության ամրապնդում կլինի, այլ պետության թուլացում»:

Ըստ մասնագետի՝ Քրեական օրենսգիրքն ու միջազգային կոնվենցիաները գործադիր իշխանության քաղաքական պահանջներին ադապտացնելու ցանկությունը վտանգավոր է: «Եթե երկրի իշխանությունները նման շեղումներ են թույլ տալիս, երաշխիք չկա, որ հետագայում նույն կերպ չեն վարվի նաեւ իրենց քաղաքական հակառակորդների, անհնազանդ քաղաքացիների ու լրագրողների հետ: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե այս գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հայաստանը միանշանակ կպարտվի»,- նշում է հոդվածագիրը:

Նշենք, որ հրապարակումն արվել է Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա այցի օրերին: Հայաստանի վարչապետն այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տպել
Ամենաշատ