News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր:

Խորհրդակցության սկզբում Վալերի Օսիպյանն անդրադարձավ անցած ամիսների արդյունքներին, վերլուծեց վիճակագրական տվյալները` կարեւորելով հատկապես հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումն ու ոստիկանության հանդեպ հանրային վստահության աննախադեպ աճը:

Խոսելով հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին` Վալերի Օսիպյանը կանխատեսվող արդյունքները պայմանավորեց անձնակազմերի ու ղեկավարների պրոֆեսիոնալիզմով ու սրտացավությամբ, կոռուպցիայի դեմ հետեւողական ու անզիջում պայքարով, աշխատանքային եւ կատարողական կարգապահության բարձրացմանն ուղղված ամենօրյա ջանքով, կադրային քաղաքականության, գործառնական պարտականությունների կանոնակարգման եւ օպտիմալացման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքով:

Ոստիկանության պետը նախանշված ծրագրերից առանձնացրեց Ճանապարհային երթեւեկության կառավարման ոլորտում վարորդների գնահատման բալային համակարգի եւ բազմաֆունկցիոնալ պարեկային ծառայության ներդրման ծրագրերը, որոնք ներկայումս կառավարությունում քննարկման փուլում են:

Վալերի Օսիպյանը կարեւորեց նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ոստիկանության դերն ու խնդիրները:

Ոստիկանության պետը կարգադրեց անել առավելագույնը ընտրախախտումները, ընտրակաշառքը, ընտրության ոււղղորդումը եւ այլ արատավոր երեւույթներ բացառելու, ընտրողների ցուցակների վերջնական ճշգրտման, ընտրությունների ընթացքում հասարակական կարգի լիարժեք ապահովման համար:

Ներկայացնելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքը` Վալերի Օսիպյանը համոզմունք հայտնեց, որ ընտրությունների պատշաճ կազմակերպումը ոստիկանության յուրաքանչյուր ծառայող կդիտի որպես անձնական պատասխանատվության եւ պատվի ու արժանապատվության գործ:

Վալերի Օսիպյանը խոսեց նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ու Երեւանի 2800-ամյակի ընթացքում ոստիկանության խնդիրների մասին եւ կարեւորեց զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի ու քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

Վալերի Օսիպյանը դրական գնահատեց «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումն ու այդ միջոցառմանը ոստիկանության մասնակցության արդյունքները:

Ամփոփելով խորհրդակցությունը` Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության անձնակազմին արդյունավետ ծառայության համար` առանձնացնելով հատկապես պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներին եւ հասարակության հետ շփման առաջնագծում գտնվող ստորաբաժանումների աշխատակիցներին:

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Տպել
Ամենաշատ