Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը մեկնարկեց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընգծեցին երկկողմ հանդիպումների հաճախակի եւ առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։
Կողմերը շեշտեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:
Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։
Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգեւատրեց Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: