Բոլորս շոկի մեջ ենք, ոչ քուն ունենք, ոչ դադար, չենք հասկանում, թե ով կարող էր նման բան անել եւ ինչու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին  Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի  բնակիչները՝ անդրադառնալով  երեկ երեկոյան այդ շենքում տեղի ունեցած պայթյունին:

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Հրազդան քաղաքի  Միքայելյան փողոցի թիվ 2 շենքում որոտած պայթյունի ձայնը մինչեւ հարեւան թաղամասեր լսվել է: NEWS.am-ի հետ զրույցում Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 եւ հարակից  շենքերի բնակիչները պատմեցին, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մտածել են, թե երկրաշարժ է. «Դրսում  նստած էինք, մեկ էլ ուժեղ ձայն լսեցինք, հելանք տեսանք, որ տունը պայթել է: Իմացանք, թե երկրաշարժ է: Սկզբից ոչ ոք ոչինչ չէր իմանում՝ ոնց է, ինչ է, հետո իրիկունը նոր ժողովրդին հանեցին դուրս ու սկսեցին ստուգել տարածքը: Մենք բնակարանի տերերի հետ նույն մուտքում ենք ապրում: Վաղուց էստեղ չեն ապրում: Տարին մի անգամ մի տասը  օրով գալիս են, գնում: Ես չգիտեմ, թշնամիներ բան ունեին, թե չէ, իրենք տենց մարդիկ չէին, չգիտեմ»,-պատմեց շենքի բնակիչներից մեկը:

Այս պահին Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի բակում հանդարտ վիճակ է: Մեր այցի ժամանակ տարածքում էին ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները: Ոստիկանության Հրազդանի բաժնի պետը նշեց, որ դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում քրեական գործ է հարուցվել՝ այլ մանրամասներ չհայտնելով: Դեպքի վայրում իրականացվում են  տարածքի մաքրման աշխատանքներ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեպքի վայր է գնացել նաեւ  Կոտայքի մարզպետ  Ռոմանոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանում (սեփականատեր՝ Զ. Հ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել է թիվ 1 եւ թիվ 2 բնակարանների բաժանարար պատը (մոտ 20 քմ), վնասվել են թիվ 3 բնակարանի դրսի՝ 1 եւ ներսենյակային 2 դուռ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ շենքից տարահանել մոտ 30 բնակիչ:

Ինժեներական տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական եւ 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար:

Հայտնաբերված սարքը վնասազերծվել եւ հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

Կինոլոգները բնակարանում եւ շենքի նկուղում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ պայթուցիկ սարք կամ նյութեր չեն հայտնաբերվել: