News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կահիրեում հայկական գերեզմանատան վերականգնումը մոտ է ավարտին: Այն արտացոլում է Եգիպտոսի մայրաքաղաքում հայ համայնքի 100-ամյա պատմությունը, հայտնում է Reuters-ը: Ավարտվում են գերեզմանների տապանաքարերի, հուշարձանների եւ կիսանդրիների մաքրման աշխատանքները:

Հողամասը հայ համայնքին է տրամադրվել դեռեւս 1924 թվականին: Այս գերեզմանատունը եգիպտական, հայկական եւ եվրոպական ճարտարապետությունների յուրատեսակ սինթեզ է, համաձուլվածք: «Ժամանակաշրջան է եղել, երբ այս վայրի մասին մոռացել են: Սակայն վերականգնման նախագիծը խոշոր նախաձեռնություն դարձավ, մեզ հաջողվեց վերականգնել այս վայրի նախաստեղծ տեսքը»,- ասում է հնագետ Նաիրի Խամփիկյանը, որը համակարգել է վերականգնման նախագիծը:

Հայերը Եգիպտոսում բնակություն են հաստատել Ֆաթիմիդների դարաշրջանում՝ X-XII դարերից սկսած եւ 1844 թվականին ստացել են Մոհամմեդ Ալի փաշայի հողերի մի մասը այն շրջանում, որը հիմա հայտնի է որպես հին իսլամական Կահիրե:

Եգիպտոսում հայ համայնքի թվաքանակը տատանվել է, ինչին նպաստել է երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը:

Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններից հետո, երբ օսմանցի թուրքերը 1915 թվականին սպանեցին 1,5 մլն հայերի, մեծ թվով հայեր Եգիպտոս եւ այլ երկրներ փախան: Եգիպտոսում հայերը բարգավաճել են կոսմոպոլիտիկ քաղաքներում, ինչպիսին են Կահիրեն եւ Ալեքսանդրիան:

Եգիպտոսում հայ համայնքն այսօր կրճատվել է՝ հասնելով մինչեւ 300 հազար մարդու: Սակայն նշված գերեզմանատունը հիշեցում է հայերի մշակութային եւ կրոնական ժառանգության մասին:

«Մենք տապանաքարեր ենք գտել, որոնք վերագրվում են 1830, 40 եւ 50 թվականներին»,- ասել է Խամփիկյանը:

Վերականգնողական աշխատանքները սկսվել են 2014 թվականին, որոնք նախատեսվում է ավարտել 2018 թվականի վերջին: Նախագծի ֆինանսավորումը ստանձնել է Կահիրեի Հայկական պատրիարքարանը հայ համայնքի նվիրատվությունների միջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ