News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների (ֆուռ) վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ողջ գիշեր, հաղորդում է Aliq.ge-ն: 

Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը:

Նրանց խոսքով, սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատեւել բազմաթիվ ընտանիքներ: Մինչ այդ, վարորդները բողոքի ակցիա են անցկացրել երկրի ֆինանսների նախարարության մոտ:

Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընթացող ակցիայի պատճառով «Գեզի Թբիլիսի» ընկերության գործունեությունը կաթվածահար վիճակում է։

«Հատկանշական է, որ Ֆինանսների նախարարը մասնակիցներին դեռ նախարարության տարածքում անցկացված ակցիայի ժամանակ առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն առաջարկված ձեւաչափը մասնակիցները նպատակահարմար չեն համարել: Այս պահի դրությամբ եկամուտների ծառայության գրանցման տնտեսական գոտին դադարեցրել է աշխատանքը, սա վերաբերում է նաեւ արագ փչացող ապրանքի ներմուծմանը: Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում դադարեցնել ակցիաները, հարցը լուծել կառուցողական ճանապարհով»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն օրերս հայտնի դարձավ, որ արգելքը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանից մի քանի տասնյակ բեռնատար մեքենաների վարորդներ 2-3 ժամով փակել էին Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ այսպիսով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով։

Հայկական բեռնատարները 2-3 ժամ փակել են Բագրատաշենի անցակետը․ նրանք բողոքում էին Վրաստանի կառավարության նոր որոշման դեմ

Տպել
Ամենաշատ