News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-արգենտինյան առկա համագործակցության ամուր հիմքերը հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացումը որակական  նոր մակարդակի բարձրացնելու եւ կրթության համակարգում հետագա ծրագրեր իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով կրթության համակարգում ավելին իրագործելու նախապայմանը հայ-արգենտինյան բարեկամության ներուժն է:

Խոսելով միջազգային կառույցների հետ համագործակցության առաջնահերթությունների մասին` ԿԳ նախարարը կարեւորել է Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը` առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինժեներական մասնագիտությունները: Համագործակցության համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է նաեւ հայկական կրթական բրենդային փաթեթի ձեւավորման  կարեւորությունը` շեշտելով այն հանգամանքը, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնի նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա եվրոպական մի քանի  երկրներում:

Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան ընդգծել է, որ երկու երկրների համագործակցության ամուր հիմքերը պայմանավորված են ինչպես կառավարությունների մակարդակում, այնպես էլ հայկական սփյուռքի գործոնով: Դեսպանի հավաստմամբ, կրթության ոլորտն Արգենտինայի դեսպանատան գործունեության առաջնահերթություններից մեկն է եւ իրենք պատրաստակամ են բաց համագործակցության: Ներկայացնելով կրթության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության ծրագրերը՝ Ուրրիոլաբեիտիան առանձնացրել է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համագործակցության ծրագիրը, մասնավորապես ընդգծելով առաջիկայում արգենտինական կենտրոնի բացումը, որը կնպաստի արգենտինյան իսպաներենի դասավանդման, դասախոսների եւ ուսուցիչների վերապատրաստման բարելավմանը: Հեռանկարային ծրագրերի շարքում դեսպանը կարեւորել է նաեւ իսպաներեն ձեռնարկի հրատարակման եւ դպրոցներում գյուղատնտեսական  մոդելի ներդրման ծրագրերը:

Հանդիպմանն անդրադարձել են նաեւ Երեւանի  «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական եւ Վաղարշապատի Էռնեկյանի անվան դպրոցներին, ինչպես նաեւ իսպաներենի ուսուցման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերին:

Տպել
Ամենաշատ
Partner news