ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմում ներգրավված են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հանձնաժողովի անդրանիկ նիստին ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։

Նիստին բացակայում են ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն ու «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը։ Նրանք Հայաստանում չեն։

Նշենք, որ հանձնաժողովի կազմում են նաեւ «Ելք»-֊ից Հովիկ Աղազարյանը, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, Կորյուն Նահապետյանը, «Ծառուկյան» դաշինքից Գեւորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանն ու ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանը։

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության՝ համացանցում հայտնվելուց հետո։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:

Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմում 5 անդամ կունենա ՀՀԿ խմբակցությունը, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքը, 2 անդամ՝ «Ելք»-ը եւ մեկ անդամ՝ ՀՅԴ-ն: