News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական որոշում պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտ։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 19–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 17–ին Yerevan today կայքի խմբագրությունում կատարված խուզարկությանը։

Ըստ Կոստանյանի՝  պետք է բացառել ցանկացած միջամտություն՝ ուղղված լրատվական գործունեության իրականացնողի ընթացիկ գործունեությանը։

Պատգամավորը նշեց, որ ինքը չի կարող խոսել խուզարկություն իրականացնելու հիմքների մասին, քանի որ դրանց ծանոթ չէ.

«Ես կարող եմ խոսել դրա հետևանքների մասին. լրատվամիջոցում խուզարկությունը կատարելու անհրաժեշտությունը պետք է լինի ծայրահեղ և բացառի լրատվական գործունեություն իրականացնողի հիմնական գործունեությանը միջամտելու հնարավորությունը»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն եւ Ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan today կայքի խմբագրությունում։ Բռնագրավվել է մեկ պրոցեսոր եւ մի քանի կոշտ սկավառակներ։ Իրավապահները փորձել են գտնել ապացույցներ, որ կայքն առաջինն է հրապարակել հայտնի գաղտնալսումները։

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խուակցության գաղտնալսումների հետ կապված՝ հարուցված է երկու քրեական գործ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի անօրինական գաղտնալսումները։ Խոսակցության ընթացքում ուժային կառույցների ղեկավարները քննարկում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործեր հարուցելու հարցերը։ Նրանցից երեքն էլ մեղադրվում են 2008թ․ մարտին սահմանադրական կարգը խափանելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ