News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասիսի քաղաքապետի հետ հանդիպում չեմ ունեցել, նախարարը տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին հրաժարական տալու պահանջ ներկայացնելու իրավասու չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը հանդիպել է Մասիսի՝ վերջերս կալանքից ազատված քաղաքապետի հետ, հորդորել հրաժարական տալ, քանի որ վերջինս հայտարարում է, որ շարունակում է աշխատել, սակայն դատախազությունը ժամանակավորապես կասեցրել էր նրա լիազորությունները:

Դիտարկմանը, թե Մասիսի քաղաքապետը պետք է շարունակի՞ պաշտոնավարել՝ հաշվի առնելով, որ նա մեղադրվում է  զանգվածային անկարգությունների մեջ, նախարարն արձագանքեց. «Նրա գործունեությունը դատախազության կողմից կասեցված էր, այս պահին ինքն ազատ է արձակվել եւ այն ինչը իրավական համակարգի տիրույթում է, մեր տիրույթից դուրս է: Ես դրան կարող եմ պատասխանել որպես քաղաքացի, թող նրա հրաժարականի հարցը որոշեն ընտրողները»:

Հարցին, թե վերջին ամիսներին քանի համայնքապետ է հրաժարական տվել, ինչ խախտումներ են հայտնաբերվել հրաժարական տված քաղաքապետերի կողմից, ստուգումներ անցկացվե՞լ են, օրինակ, Հրազդան, Արմավիր, Կապան կամ Էջմիածին քաղաքներում, քրեական գործ քանի՞ դեպքում է հարուցված, Պապիկյանը պատասխանեց. «Թե քանի համայնքապետ է այս ընթացքում հրաժարական տվել, անկեղծ չեմ կարող ասել: Եթե դրա կարիքը կա, կարող ենք գրավոր պատասխանել: Կարող են նշել, որ այս պահին աուդիտորական ընկերությունը ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում. այնտեղ կատարված չարաշահումները բավականին մեծ են, նախնական տեղեկություններով՝ այն հատել են եռանիշ թվի սահմանը:

Կապանի մասով այս պահին չարաշահումներ արձանագրված չեն, խնդիրներ կան նաեւ Էջմիածին քաղաքում, պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրությունները այնտեղ ավարտել է, շուտով դրանց մասին համապատասխան եզրակացությունն կտա:

Արմավիր քաղաքում խնդիր էր առաջացել ջրամատակարարման հետ կապված, ոռոգման ցանցի հետ կապված, այնտեղ կային գեներատորներ, որոնք այդ պահին առկա չեն եղել վարչական վերահսկողության ուսումնասիրությունների ընթացքում: Տնտեսավարողը պարզաբանել էր`այս պահին դրանք այլ տեղում են գտնվում, երեկվա դրությամբ արդեն իսկ համակարգը վերականգնված է, մնում է էլեկտրականության ու սնուցող միջոցների միացումը եւ համակարգի վերագործարկումը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի  ղեկավարը պնդում է, որ մարզպետը կնիքն իրենից վերցրել է անօրինական ճանապարհով, եւ գործը հիմա վարչական դատարանում է, Սուրեն Պապիկյանն ասաց, որ մարզպետը չէր կարող կնիքը խլել, մնացած հարցերը կորոշվեն իրավական ճանապարհով:

Տպել
Ամենաշատ