News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջերկրականի արեւելյան հատվածը շուտով ավելի վտանգավոր կդառնա, պատճառը Ռուսաստանը, Սիրիան կամ Իրանը չեն: Այստեղով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ազատ շարժվում էին դեպի Պարսից ծոց եւ Կարմիր ծով, սակայն հիմա այդ հատվածը ռազմական առումով նույնքան ակտիվ է, որքան մյուս երկուսը: Այս մասին Washington Examiner-ում գրում է Պենտագոնում Իրանի եւ Իրաքի հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ռուբինը:

Հեղինակը ներկայացնում է Միջերկրականի արեւելյան հատվածում շահառու կողմերին եւ իրավիճակը՝ իր պատկերացմամբ, նշելով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Լիբանանը, ո՛չ էլ մյուս կողմերն ԱՄՆ-ի համար այնքան մեծ սպառնալիք այժմ չեն ներկայացնում, որքան Թուրքիան: Ավելի կոնկրետ՝ վտանգը գալիս է Թուրքիայից եւ կիպրական երկարատեւ հակամարտությունից:

Հեղինակը գրում է, որ տարիներ շարունակ ՄԱԿ-ը փորձեր է արել հակամարտությունը լուծել, սակայն հիմնական խնդիրը՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի պաշարումը, չի լուծվել:

Ռուբինը կարծում է, որ հակամարտությունը սառած կմնար, եթե Կիպրոսի ջրերում գազ չհայտնաբերվեր, եւ այն չդառնար բացառիկ տնտեսական գոտի: Չնայած այստեղ գազի պաշարները շատ չեն, սակայն դրանք կարեւոր են մի քանի պատճառով. Եվրոպայի շուկային մոտ են, շրջանցում են Ռուսաստանն ու Իրանը՝ Եվրոպային ապահովելով վերջիններից անկախությամբ, Թուրքիայի խնդրահարույց պահվածքի պարագայում դրանք հնարավորություն են տալիս Թուրքիայից դուրս գազատարներ անցկացնել: Սա նշանակում է, որ սեփական էներգիայի պաշարներ չունեցող Թուրքիան կարող է տարեկան միլիարդավոր դոլարներ կորցնել:

Նշվում է, որ Թուրքիան նախ թույլ չի տվել, որպեսզի այդ գազի պաշարներին ձեռք տան, քանի դեռ հակամարտությունը լուծում չի ստացել, եւ ապա իր սեփական աշխատավորներին է ուղարկել գազ արդյունահանելու, որով, հավանաբար, հույս ուներ սուբսիդավորել Թուրքիայի՝ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը, ինչպես նաեւ երկրում բարձրացնել Էրդողանի վարկանիշը:

Ռուբինը գրում է, որ Թուրքիան, կարծես, նորից պոտրաստվում է փոփոխել ստատուս քվոն: Թուրքիայի պետական մամուլը հայտնում է, որ Անկարան պատրաստվում է Կիպրոսի գրավված տարածքներում ռազմաբազա բացել, ինչի մասին Էրդողանը խոսել է այս տարվա սեպտեմբերի 17-ին: Իսկ թուրքական ռազմաբազայի առկայությունը միանգամայն կվերացնի խաղաղ հանգուցալուծման բոլոր հնարավորությունները, քանի որ այդպիսով կստեղծվի փաստացի մի հանգամանք, որը Թուրքիայի ապագա կառավարությունները չեն կարողանա շրջանցել:

Նախկին խորհրդականը գրում է, որ Էրդողանը ոչ միայն Թուրքիան մտցրել է ՀԱՄԱՍ-ամետ, ռուսամետ եւ մահմեդական եղբայրության խմբեր, այլեւ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի գլխավոր տարածաշրջանային դաշնակիցեր Իսրայելին, Հունաստանին եւ Եգիպտոսին: ԱՄՆ-ի գրեթե բոլոր վարչակազմերն ավելի շատ կենտրոնացած են արագ, եւ ոչ թե արդյունավետ արձագանքելու վրա: Դրանք արձագանքում են, երբ ճգնաժամ է բռնկվում, սակայն հաշվի չեն առնում այն տարիները, երբ կարելի էր կանխել նման բռնկումը:

Ռուբինի կարծիքով՝ ժամանակն է, որ Թրամփի վարչակազմը եւ Կոնգրեսը Թուրքիային զգուշացնեն, որ Կիպրոսում ցանկացած ռազմաբազայի ստեղծումը Թուրքիայի համար ոչ միայն պատժամիջոցների, այլեւ Հունաստանում, Կիպրոսում, Իսրայելում եւ Եգիպտոսում չտեսնված քանակությամբ ռազմական ուժի տեղակայման պատճառ կդառնա: Երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի հակառակորդների չափ սպառնալիք է ներկայացնում, սա նաեւ նշանակում է, որ պետք է դադարեցնել ՆԱՏՕ-ի ներսում նրա հետ համագործակցությունը:

«Գուցե քաղաքական գործիչները քաղաքական թատրոնը գերադասում են Ամերիկայի անվտանգությանը, սակայն ԱՄՆ հակառակորդները չեն դադարեցնում իենց գործողությունները, երբ կրկեսը գալիս է Վաշինգտոն: Ժամանակն է համատեղ ջանքեր գործադրել եւ Կիպրոսի կողքին լինել»,- գրում է Պենտագոնի նախկին խորհրդականը:

Տպել
Ամենաշատ