News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Էստոնիայի նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Էստոնիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Լաուրի Կուսինգի հետ, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, այդ թվում Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի Հայաստան այցելության մանրամասները: Հյուրի խնդրանքով դեսպան Մկրչտյանը ներկայացրեց Երեւանում ս.թ. հոկտեմբերին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է անկախությունից ի վեր այս ամենախոշոր միջազգային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Մկրտչյանը հանդիպեց էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ռայներ Սակսին, որի ընթացքում իր զրուցակցին ներկայացրեց Տալլինում կազմակերպվելիք ՀՀ անկախության 27 եւ երկու երկրների 100-ամյակներին նվիրված միջոցառման մանրամասները, խոսեց ՀՀ ներքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության թեմաների վերաբերյալ:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստան-Էստոնիա թվային ֆորում անցկացնելու գաղափարը, որի շուրջ արդեն քննարկումներ են ընթանում երկու երկրների համապատասխան գերատեսչություններում՝ հավելելով, որ ՏՏ ոլորտում երկկողմ կապերի ակտիվացումը կարող է շարժիչ ուժ դառնալ Հայաստանի եւ Էստոնիայի տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Անդրադառնալով հայ-էստոնական մշակութային հարաբերություններին՝ Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոսեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքի էստոներեն թարգմանության մասին, նշելով, որ սա շատ կարեւոր քայլ է երկու ժողովուրդների մշակութային փոխանակման տեսանկյունից:

Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում դեսպան Մկրտչյանը հանդիում ունեցավ նաեւ Էստոնիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության նորանշանակ պետ, ՀՀ-ում Էստոնիայի նախկին դեսպան Պրիիտ Տուրկի հետ:

Շնորհավորելով Պրիիտ Տուրկին նշանակման կապակցությամբ՝ դեսպանը հույս հայտնեց, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ առկա կառուցողական համագործակցության դրական մթնոլորտն այսուհետ նույնպես կպահպանվի: Հյուրի խնդրանքով դեսպան Մկրչտյանը ներկայացրեց Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, մանրամասներ հայտնեց ներքաղաքական զարգացումների մասին:

Պրիիտ Տուրկն իր հերթին նշեց, որ Էստոնիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ամենատարբեր ոլորտներում թե երկկողմ, եւ թե ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ընթացքում:

Դեսպան Մկրտչյանի խոսքով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում անգնահատելի ներդրում կարող է ունենալ երկու երկրների ՏՏ մասնավոր եւ պետական ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ ՏՏ ֆորումի կազմակերպումը եւ անցակցումը: Պրիիտ Տուրկը ողջունեց դեսպանի գաղափարը՝ խոստանալով գործադրել բոլոր ջանքերը գաղափարը զարգացնելու եւ կյանքի կոչելու համար:

Էստոնիայի խորհդարանում՝ Ռիյգիկոգուում, դեսպան Մկրտչյանն առանձին հանդիպումներ ունեցավ Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Հաննես Հանսոյի եւ նույն բարեկամական խմբի անդամ Կալլե Պալլինգի հետ:

Դեսպան Մկրտչյանն իր գոհունակությունը հայտնեց Հաննես Հանսոյի՝ բարեկամության խմբի ղեկավարի դերը ստանձնելու կապակցությամբ՝ քաջալերելով էլ ավելի ակտիվ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափը երկկողմ շփումներն ակտիվացնելու նպատակով:

Հաննես Հանսոյը պատրաստակամություն հայտնեց իր ներդրումն ունենալ երկու երկրների խորհդարանների միջեւ հարաբերությունների սերտացման եւ խորացման հարցում:

Կալլե Պալլինգի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումները:

Տեղի ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել նաեւ Ադրբեջանի կողմից վերջին օրերին ՀՀ պետական սահմանի երկայնքով ձեռնարկվող սադրիչ գործողությունները՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ապակառուցողական քաղաքականությանը եւ միտումնավոր թիրախավորում քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները: Դեսպանը նաեւ հավելել է, որ պաշտոնական Բաքվի մաքսիմալիստական քաղաքականությունը, երկրի բարձրագույն ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը եւ Արցախն առանց հայերի տեսնելու ցանկությունը այն հիմնական խոչըդոտներն են, որոնք թույլ չեն տալիս հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Տպել
Ամենաշատ