News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տիգրանակերտի հետ կապված՝ կա շատ վատ ավանդույթ, որը ես փորձում եմ արմատախիլ անել, եւ ինձ հետ համաձայն է Արցախի մշակույթի նոր նախարարը։ Շատ հայ պաշտոնյաներ Տիգրանակերտը համարում են պիկնիկների անցկացման տեղ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը։

Պիկնիկների մասին խոսքը բացվեց այն բանից հետո, երբ հնագետը հայտնեց, որ Հայաստանի մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը երկու անգամ այցելել է Տիգրանակերտ, սակայն այդ մասին իրեն չեն տեղեկացրել, եւ ինքն այնտեղ չի եղել․ այդ պատճառով էլ չգիտի Մակունցի այցի պատճառը։ «Երեւի այնտեղ պիկնիկ են արել»,- ենթադրեց նա։

Համլետ Պետրոսյանը հավելեց, որ Տիգրանակերտի տարածքում կան աղբյուրներ, այն շատ գեղատեսիլ վայր է եւ բարեկարգ է (Տիգրանակերտը հայկական ամենաբարեկարգ հուշարձաններից մեկն է), եւ այնտեղ ժամանակ անցկացնելու մարդկանց ձգտումը հասկանալի է, բայց, այնուամենայնիվ, չի կարելի մոռանալ, որ դա պատմական հուշարձան է։ Հնագետի խոսքերով՝ սա հատկապես վերաբերում է տարբեր աստիճանի հայ պաշտոնյաներին, ովքեր Արցախ իրենց այցերի ժամանակ սիրում են այնտեղ պիկնիկներ կազմակերպել։ Հնագետը հիշեցրեց, որ տիգրանակերտյան պիկնիկների մեծ սիրահար էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ նրա այցերի ժամանակ էլ իրեն չէին տեղեկացնում, ինչը չես ասի Սերժ Սարգսյանի մասին, ով միշտ նախօրոք տեղեկացնում էր իր այցերի մասին։

«Եկել էր շվեյցարացի զբոսավարների մի խումբ, մոտենում են աղբյուրին, իսկ այնտեղ կրակ են վառել եւ խորոված են անում։ Տեսե ՞լ եք, որ աշխարհում որեւէ տեղ հուշարձանի կենտրոնում խորոված անեն»,- ասաց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Տիգրանակերտի դարպասների վրա փակցված է գնացուցակ՝ ըստ որի հուշարձանի տարածք մուտքն արժի 250 դրամ, իսկ այնտեղ պիկնիկ անելու համար պետք է վճարել 5000 դրամ, մասնագետը նկատեց, որ հինգ տարի պայքարել է Արցախի մշակույթի նախարարության դեմ այդ խնդրի շուրջ։ Հարցը լուծվել է նոր նախարարի գալով, ով համաձայնել է վերացնել այդ «ավանդույթը»։

Այս խնդրով Համլետ Պետրոսյանը դիմել է նաեւ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին՝ այս սեզոնին Տիգրանակերտ այցելած բարձաստիճան վերջին պաշտոնյային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ