News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ով որ ասֆալտին փռում է եւ փռվում է, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՀՀ ԱԺ հիմնադրման հոբելյանական միջոցառումից առաջ՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես կարողացավ խուսափել ասֆալտին փռելու՝ վարչապետի հանձնարարականից։

Ճշտող հարցն՝ խնդիր չունի, որովհետեւ չի՞ շրջում ավտոշարասյունով, թե՞ իրեն չեն մոտենում, Պողոսյանը պատասխանեց. «Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել եւ այնպես, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի։ Իմ իրավունքները ես շատ լավ գիտեմ»։

Օֆշորային սկանդալի հետեւանքով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված պատգամավորը նաեւ խոսեց նոր իշխանությունների՝ այդ գործը վերաբացելու հնարավորության մասին։ 

«Ինչպես տեսնում եք, նոր իշխանությունները բազմաթիվ գործողություններ են իրականացնում եւ ստուգում են ամեն ոք եւ ամենուրեք. դա ողջունելի է։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ ինձ հետ կապված ցանկացած ինֆորմացիա տրամադրել ցանկացած իրավապահ մարմնի»,–ասաց Միհրան Պողոսյանը։

Նա նաեւ հավաստեց, որ թիկնազոր չունի եւ հատուկ ծառայություններն իր մոտ չեն գնացել։

«Ինձ հետ կապված միջոցառումներ տարբեր իրավական խնդիրների հետ կապված, եղել է ե՛ւ այս իշխանության օրոք, եւ նախկին իշխանության օրոք, եւ նախկինից առաջ իշխանության օրոք։ Եւ եթե դուք լավ հիշում եք բոլորդ, ես կարծում եմ, որ դուք լավ եք հիշում բոլորդ, 2016–ից 2018 թվականը նմանատիպ միջոցառումներ եղել են ինձ հետ կապ ունեցող բարեկամների, հարազատների եւ այլնի ընկերություններում, որը բազմիցս լուսաբանվել է։ Ես նորից հայտարարում եմ, ես բաց եմ եւ պատրաստ եմ ցանկացած խնդրի, որը կառաջադրի ինձ օրենքը, որ իրավասու մարմիններին հետաքրքրում է, պարզաբանել»,–ասաց Միհրան Պողոսյանը։

Անդրադառնալով օրվա խորհրդին, Միհրան Պողոսյանը շնորհավորեց. «ՀՀ ԱԺ հիմնադրման 100–ամյակն ենք նշում. սա լուրջ ասելիք ունի։ Այս օրը 100 տարի, որ մեր նորանկախ հանրապետության համար նշանակալի օր է։ Կցանկանամ, որ մեր ԱԺ–ն լինի կայուն եւ ի զորու լինի լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են»։

Տպել
Ամենաշատ