News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, եւ պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում ոստիկաններին, զինվորականներին պարգևատրելուց հետո, Անհակխության 27-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել եւ երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած եւ այսօր հետմահու պարգեւատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության եւ ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին:

Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ: Հարգելի Աշոտ, խնդրում եմ գնահատանքի եւ երախտիքի խոսքերս եւ մեր բոլորի առողջության բարեմաղթանքները հայտնել տիկին Աննային:

Հարգելի՛ բարեկամներ,

Շնորհավորելով ձեզ ազնվորեն վաստակած շքանշանների ու մեդալների առթիվ՝ ուզում եմ նշել, որ դրանք սոսկ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ չեն:

Դրանք այն անկախության ու ազատության պարգեւներն են, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով:

Ժամանակն ու երկրի զարգացման հեռանկարները պահանջում են պատմության վերընթերցում, նոր գաղափարների առաջադրում, նոր արժեքների ստեղծում:

Միեւնույն ժամանակ, մենք պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին ու արժեհամակարգին, որոնց համար ձեր ընկերներն իրենց տարիների քրտնաջան աշխատանքը եւ, ցավոք սրտի, հաճախ նաեւ իրենց կյանքն են տվել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախության անցած տարիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին եւ հետագա բոլոր տարիները, առանձնահատուկ դարձնել մեր երկիրը: Որովհետեւ այդպիսին է, առանձնահատուկ է մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, այդպիսին է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ:

Կարծում եմ, եւ հույս ունեմ, որ շուտով մենք այստեղ նորից կհանդիպենք, եւ ես պատիվ ու մեծ հաճույք կունենամ պարգեւատրել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ մտավորականների, գործարարների, աշխատավորների, գյուղացիական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժուռնալիստների, քանի որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, եւ մեզնից յուրաքանչյուրն իր լավագույնն է անում այդ պատվավոր ու կարեւոր գործում:

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, լավատեսություն եւ առաջընթաց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ