Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը կանխատեսում է, որ հաջորդ տասնամյակում գոյությունհ կունենա 2 տարբեր համացանց. մեկը՝ ԱՄՆ-ում, մյուսը՝ Չինաստանում:
«Կարծում եմ, որ հիմա առավել հավանական սցենար է համարվում երկճյուղավորումը՝ համացանցի բաժանում Չինաստանի ղեկավարությամբ եւ ոչ չինական համացանց՝ Ամերիկայի ղեկավարությամբ:
Եթե այսօր նայենք Չինաստանին, ապա կտեսնենք նոր ստեղծված ընկերությունների եւ ծառայությունների ծավալները: Համացանցին բաժին է ընկնում Չինաստանի ՀՆԱ զգալի տոկոսը, եւ այդ բաժինն ավելին է, քան ԱՄՆ ՀՆԱ բաժինը, որն, ի դեպ, նույնպես փոքր չէ»,- հայտարարել է Շմիդտը, փոխանցում է «Вести.Финансы»-ն:
Google-ի նախկին ղեկավարի կանխատեսմամբ՝ չինական IT արտադրանքներն ու ծառայություններն առաջիկայում առաջնորդներ կդառնան, այս պատճառով վտանգ կա, որ դրանցից բացի, կստեղծվի քաղաքական այլ ռեժիմ՝ գրաքննությամբ եւ վերահսկողությամբ»:
«Նայեք, թե ինչպես է իրականացվում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը (Belt and Road Initiative — BRI), որին գրեթե 60 երկիր է մասնակցում. միանգամայն հնարավոր է, որ այդ երկրները սկսեն ենթակառուցվածք օգտագործել, որը կարող է նրանց առաջարկել Չինաստանը՝ ազատության որոշակի կորստով»,- ասել է Էրիկ Շմիդտը:
«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը Պեկինի մեծածավալ նախագիծ է Չինաստանի քաղաքական եւ տնտեսական ազդեցության ամրապնդման համար՝ Չինաստանի եւ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի ու Ասիայի երկրների միջեւ առեւտրի բոլոր տեսակներում, այդ թվում՝ թվային առեւտրում ներդնելու ճանապարհով: