News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, կուսակցության անդամների եւ համախոհների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին:

Նա նշել է, որ յուրաքանչյուր հայ մարդու համար այսօր շատ կարեւոր տոն է, քանի որ բոլորս միասին ձեռք բերեցինք Անկախություն, պայքարեցինք, ու նաեւ այդ պայքարի արդյունքն էր, որ ունեցանք ազատագրված Հայրենիք. «Եռաբլուրը մեր ժամանակակից պատմության մեջ կարեւոր վայր է, որովհետեւ այստեղ են մեր հերոսները, ում առջեւ խոնարհվում ենք, ու նաեւ՝ մեզ ուժեղ եւ ապահով ենք զգում, լիցքեր ենք ստանում»:

Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ԱՍԱԼԱ-ն սկսեց ազատամարտը, որը հետագայում վերածվեց անկախ Հայաստանի, եւ այսօր ունենք անկախ բանակ՝ կայացած միակ քաղաքական ինստիտուտը, որը 2016 թվականին ասաց, որ կայացած է եւ պահեց մեր հողը:

Կուսակցության նախագահը մոտեցավ եւ Անկախության տոնի առթիվ  շնորհավորեց զոհված ազատամարտիկների, Հայոց ազգային բանակի նահատակների հարազատներին, ընդգծեց, որ նրանց կորուստը բոլորիս կորուստն է, եւ որ Եռաբլուրում հանգչող մեր հերոսներն էին, որ մեզ պարգեւեցին Անկախություն:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ մեր բանակը ներկայում պաշտպանական է, սակայն այլեւս պետք է լինի ազատագրական բանակ, եւ մեր ռազմական դոկտրինը նույնպես պետք է փոփոխության ենթարկվի՝ այլեւս ոչ թե պաշտպանական, այլ կանխարգելիչ ու նաեւ հարձակվողական լինեն գործողությունները, որպեսզի թշնամին այլեւս չհամարձակվի հարձակվողական գործողություններ իրականացնել:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյան մեր պատմության ամենացավալի էջերից է, եւ քաղաքական վերնախավի դավաճանության պատճառով է, որ մենք այստեղ ամփոփել ենք մեր զավակներին, մեր երիտասարդներին: Խոնարհվում ենք իրենց, իրենց ծնողների ու նաեւ ուսուցիչների առջեւ, որ այսպիսի ոգով երիտասարդներ դաստիարակեցին, եւ նրանք կանխեցին աղետը, որը պետք է գար, հասներ մինչեւ Ստեփանակերտ, Կապան եւ Սեւան: Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ սպասվող պատերազմում քաղաքական վերնախավը պարտավոր է բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի այլեւս նման աղետ մեր դուռը չթակի: Եվ այլեւս չպետք է լինի ոչ նպաստավոր պայմաններով զինադադար, ինչպես եղավ 1994 եւ 2016 թվականներին, այլ պետք է լինի ազատագրում Դաշտային Արցախի եւ Նախիջեւանի, որովհետեւ այլ կերպ մենք չենք կարող կանխել ապագա հարձակումները: Եվ մենք ազգովի պետք է պատրաստ լինենք այդ ազատագրմանը՝ շուտափույթ կազմակերպելով նաեւ մեր քաղաքական ինստիտուտները:

Զորավար Անդրանիկի հուշաքարի մոտ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Զորավարն ամենաավագն է Եռաբլուրում ամփոփված մեր հերոսներից, եւ նրան համարժեք մեծությունը չունենք, ընդգծեց, որ բոլորս Զորավարի անցած ճանապարհով ենք դաստիարակվել, եւ իր պատգամը, իր ուղերձը, իր «Մարտական հրահանգները» այսօր էլ արդիական են եւ կիրառելի են մեր Ազգային բանակում: Բոլորս պետք է առաջնորդվենք այդ «Մարտական հրահանգներով», որոնք արդար են եւ կանոնակարգում են եւ՛ զինվորների, եւ մարդկային հարաբերությունները: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ երբ ինքը թույլ է զգում իրեն, ապա գալիս է Զորավարի մոտ, նայում է դեպի Արարատ, լիցքեր ստանում, նորից ուժեղանում եւ նորից գնում պայքարի:

Զարուհի Փոստանջյանը կուսակիցների եւ համախոհների հետ ծաղիկներ խոնարհեց ԱՍԱԼԱՅԻ, 2016 թվականի քառօրյա պատերազմի, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Իգոր Մուրադյանի, Ռազմիկ Վասիլյանի, Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների, Զորավար Անդրանիկի եւ մեր մյուս հերոսների հուշաքարերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ