News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն կարելի է կայացած համարել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները: Ամենաշատը՝ 294.109 քաղաքացի, քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, ամենաքիչ ձայները ստացել է «Հայկազուններ» կուսակցությունը. այս ուժի օգտին քվեարկել է 692 քաղաքացի կամ 0.19 տոկոսը: Ընտրություններին մասնակցած մյուս 10 քաղաքական ուժերից ամենաշատ թվով ձայներ են ստացել նաև ԲՀԿ-ն՝ 25.219 քաղաքացի կամ ձայների 6.95 տոկոսը, և «Լույս» դաշինքը՝ 18.112 քաղաքացի կամ ձայների 4.99 տոկոսը:

Այսպիսով, ձևավորվելիք Երևանի ավագանին նույնպես, նախորդի նման, կազմված կլինի երեք ուժից: 65 հոգանոց ավագանիում «Իմ քայլը» դաշինքը կունենա 57, ԲՀԿ-ն՝ 5, «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ: Ավագանու ամենաշատ անդամներն ունեցող քաղաքական ուժն էլ հնավորություն կունենա Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. փաստորեն առաջիկա 5 տարիներին մայրաքաղաքը կղեկավարի Հայկ Մարությանը: 

Հատկանշական է, որ ավագանու այս ընտրություններն անցան բավական հանգիստ մթնոլորտում, լուրջ ընտրախախտումներ և կեղծիքներ չարձանագրվեցին: ԿԸՀ-ի կողմից արդյունքների հրապարակումից հետո ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը մեկը մյուսի հետեւից շտապեցին հայտարարել, որ ճանաչում են ընտրությունների արդյունքները: Նրանք նաեւ հաղթանակի կապակցությամբ շնորհավորեցին «Իմ քայլը» դաշինքին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին: Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում խորհրդակցություն հրավիրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ. քննարկելու են խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Վարչապետն այս մասին հայտարարել է Նյու Յորքում՝ Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում երկրում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դրանք, հավանաբար, տեղի կունենան հաջորդ տարվա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Սակայն հիմա վարչապետը նպատակահարմար է գտնում արտահերթ ընտրությունները կազմակերպել մինչեւ այս տարեվերջ: Բացատրել է՝ դա անհրաժեշտ է երկրի տնտեսությունը զարգացնելու համար, իսկ սպասողական այս վիճակը խանգարում է պոտենցիալ ներդրողներին: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն արդեն բանակցելու պատրաստակամություն են հայտնել: ՀՀԿ-ն նույնպես չի հրաժարվի բանակցելուց, սակայն խմբակցության ղեկավարը հավելել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարիք իրենք չեն տեսնում:

Սեպտեմբերի 26-ին Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Սա արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Մնացականյանի երկրորդ հանդիպումը կլինի Մամեդյարովի հետ: Մինչ այդ, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանակցությունների հնարավոր ժամկետների մասին առայժմ ոչինչ չի նշվում:

Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: 20-ամյա Արցախ Հովսեփյանը հրազենային վիրավորում է ստացել սեպտեմբերի 22-ին, Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Հովսեփյանը մահացել է: Հովսեփյանն Արցախի Տիգրանավան գյուղից էր, ընտանիքի կրտսեր զավակն էր. 4 ավագ եղբայր ունի: Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Արցախի նախագահի հրամանագրով Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Եվս մեկ պատահար էլ գրանցվել է սեպտեմբերի 20-ին: Մատաղիսում մարտական հերթապահության ժամանակ ականի պայթյունից վիրավորվել է 20-ամյա զինծառայող Արթուր Գեւորգյանը: Ստեփանակերտի հոսպիտալում երիտասարդի մեկ ոտքն անդամահատել են, այնուհետեւ վիրավորին Երեւան են տեղափոխել: Այստեղ արդեն Արթուր Գեւորգյանի մյուս ոտքը վիրահատել են: Կենտրոնական զինվորական հոսպիտալից տեղեկացնում են, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է: Նշենք, որ 20-ամյա զինծառայողը Վանաձորից է: Այսօր հոսպիտալում նրան այցելել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արթուր Վանեցյանը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահն է: ԱԱԾ տնօրենի օգտին շաբաթ կայացած գործադիր կոմիտեի արտահերթ նիստում քվեարկել են բոլոր պատվիրակները: Արթուր Վանեցյանն այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Նա խոստացել է փակել Ֆեդերացիայի եւ ակումբների միջեւ թշնամանքի էջը, չմիջամտել Ազգային հավաքականի կազմի ձեւավորմանը, նաեւ իջեցնել Ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գինը: Ի դեպ՝ Ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը նիստին չի մասնակցել: Հայրապետյանը կազմակերպությունը ղեկավարում էր 16 տարի:

Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ընդունել է այն: Մինասյանը հրաժարական է ներկայացրել նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից: Ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահի համար Մինասյանի հրաժարականն անսպասելի է եղել: Փորձելու են արագորեն լուծել նոր գլխավոր մարզչի հարցը: Մի քանի թեկնածուներ արդեն կան, ընդ որում՝ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ արտերկրից: Սակայն Արթուր Վանեցյանն առայժմ չի ցանկանում անուններ նշել:

Սեպտեմբերի 24-ին դոլարն էժանացել է, եվրոն՝ ավելի քան 3 դրամով թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 7 դրամ 31 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Սեպտեմբերի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 17.10.2018
Նախօրեին նշանակված երեք նախարարները ամենակարճ պաշտոնավարման ռեկորդ սահմանեցին...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց: Հանրայինի եթերից նա բացատրել է հրաժարականի նպատակը, ասել է՝ չի փախչում պատասխանատվությունից, այլ, ընդհակառակը, ավարտին է հասցնում հեղափոխությունը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 15.10.2018
Երդմնակալությունը նախորդներից տարբեր դարձրեց նաեւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեղափոխական «տերմինաբանությամբ» օրհնանքը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 11.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»
Հոկտեմբերի 10–ին մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 09.10.2018
Օրը սկսվեց ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկա և նախկին անդամ՝ 16 պատգամավորների հայտարարությունով...
Ամենաշատ
Partner news