News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Եթե ՄԱԿ-ը ինդեքսային ֆոնդ լիներ, ապա այժմ այն փակելու ժամանակը կլիներ: Այս մասին գրում է Bloomberg Opinion-ի խմբագիր Ջեյմս Գիբնին:

Հեղինակը նշում է, որ 1945 թվականին հիմնադրվելով որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության երաշխիք՝ վերջին տարիներին ՄԱԿ-ը հիմնականում անզոր է եղել Սիրիայում, Եմենում եւ Մյանմարում արյունահեղությունը դադարեցնելու գործում: Սառը պատերազմից ի վեր քաղաքացիական հակամարտություններն այժմ ամենալարվածն են, իսկ տեղահանված մարդկանց թիվը նոր ցուցանիշներ է գրանցում: Անվտանգության խորհրդում ճգնաժամն ավելի է բարդանում, եւ ՄԱԿ-ի ամենամեծ բաժնետերը դադարեցնում է իր աջակցությունը՝ ճանապարհ հարթելով ակնհայտորեն ոչ ազատական ուժերի համար:

«Մինչդեռ ՄԱԿ-ը դեռեւս չափազանց կարեւոր է, որպեսզի շարքից դուրս բերվի: Կազմակերպության հիմնադրումից ի վեր չափազանց մեծացել են զանգվածային ոչնչացման զենքի տարածման, կլիմայական փոփոխությունների եւ այլնի ծավալները, որոնց դեմ որեւէ առանձին պետություն չի կարող միայնակ պայքարել... Այս տարվա Գլխավոր վեհաժողովի նիստում հավաքվածների առջեւ դրված է բավական պարտավորեցնող, միեւնույն ժամանակ, սարսափեցնող խնդիր. ազգայնամոլության եւ աշխարհաքաղաքական լարվածության այս օրերում ՄԱԿ-ը ծառայեցնել իր նպատակին»,- գրում է հեղինակը:

Այսօր, ըստ Գիբնիի, քաղաքական մրցակցության բռնկումը սպառնում է ժամանակը հետ շրջել. անցյալ տարի Անվտանգության խորհուրդն ականատես եղավ 1989 թվականից ի վեր ամենաշատ վետոներին, որոնց մեծ մասը Սիրիային էին վերաբերում: Դրանից առաջ Խորհրդի բարօրությանը վնասել էին Լիբիայում Քադաֆիի տապալման միջամտության շուրջ տարաձայնությունները եւ Ղրիմի բռնակցման հարցը: Չինաստանն էլ, որպես ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության եւ ֆինանսավորման գլխավոր պատասխանատուներից մեկը, իր հերթին է ցանկանում տարածել սեփական ազդեցությունը:

Գիբնիի կարծիքով՝ Թրամփի վարչակազմն այս իրավիճակում ամենամեծ խնդիրն է. 2016 թվականին, մինչեւ իր պաշտոնավարմանն անցնելը, նա լրագրողներին ասել էր, որ ՄԱԿ-ը միայն խնդիրներ է առաջացնում, եւ ոչ թե դրանց լուծում տալիս:

Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի աջակցությունը ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամին եւ դուրս եկել Կլիմայական փոփոխությունների փարիզյան համաձայնագրից, ՄԱԿ-ի գլխավորած Միգրացիայի համաշխարհային խմբից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Նա նաեւ դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից, որն ընդունվում էր Անվտանգության խորհրդի անդամների կողմից, եւ որի կատարմանը հետեւում էին ՄԱԿ-ի գործակալությունները:

Խմբագրականում նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ն տրամաբանորեն դժգոհության առիթ ունի եւ ճիշտ է վարվում՝ հաշիվ պահանջելով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն պարտադիր եւ կամավոր 10 մլրդ դոլար է տրամադրում ՄԱԿ-ի գործակալություններին, մինչդեռ աշխարհի ամենաաղքատ երկրներից շուրջ 30-ը տարեկան 25.000 դոլար են վճարում, ինչը գրեթե ոմանց նախագահական պահակապետային մեքենաների վարձն է կազմում:

Նշվում է նաեւ, որ անհերքելի է այն փաստը, որ ՄԱԿ-ում տիրում է կոռուպցիայի եւ թերի կառավարման միջավայր: Դրա մարմինները հաճախ ավելի շատ վիճում են Իսրայելի երեւակայական կամ իրական հանցանքների շուրջ, քան թե իրական հանցագործների արարքներն են բացահայտում: Սրա լուծումն արդյունավետ մասնակցությունն է: Այն միտքը, որ Անվտանգության խորհրդից դուրս գալով՝ ԱՄՆ-ն հերքում է նրա իրավականությունը, անիմաստ է: Մարդու իրավունքներն ու քաղաքական ազատությունը պաշտպանողների համար այժմ պարտվելու ժամանակը չէ:

Գիբնին կարծում է, որ ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ամենավատ մղձավանջը կլինի: Նա իր գործունեության ընթացքում հիմնականում փորձել է զերծ մնալ ՄԱԿ-ի ջատագովների եւ քննադատների, ինչպես նաեւ Թրամփի հայտարարությունների հակասություններից: Իր նախորդների համեմատ՝ Գուտերեշի առաջարկած ՄԱԿ-ի բարեփոխումներն առավել համարձակ են եւ, մեծ հաշվով, համընկնում են ԱՄՆ-ի առաջնահերթություններին:

Սակայն, հեղինակի համոզմամբ, Գուտերեշի նման տրամադրվածությունը հազիվ թե հսկողության տակ պահի Թրամփի կռվարար բնազդները, եւ նա, կարծես, հասկանում է դա: Գուտերեշի վերջին առաջարկը, որով այդ մղումները փորձում էր զսպել, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի հեռանալը տեղ է ազատում, որը Չինաստանը կձգտի լրացնել:

Գիբնին նշում է, որ չնայած առաջին հայացքից կարող է թվալ, որ Չինաստանի առաջխաղացումն այնքան էլ բացասական չէ՝ հաշվի առնելով նրա աճող ներգրավվածությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը եւ մեծաթիվ զորքեր տրամադրելը, սակայն, միեւնույն ժամանակ, Չինաստանը կարող է ստիպել ՄԱԿ-ին նվազեցնել մարդու իրավունքների դիտորդների թիվը խաղաղապահ առաքելություններում: Իսկ ՄԱԿ-ն այս պահին անազատական շարժիչ ուժի կարիքն ամենաքիչն ունի, երբ Ռուսաստանում, Չինաստանում եւ նույնիսկ Եվրամիությունում անազատականությունը մեծ սպառնալիք է: Որպեսզի Գուտերեշը կարողանա նման ուժերը վերահսկողության տակ պահել, ապա պետք է ամեն ինչ անի ԱՄՆ-ի ներգրավվածությունը պահելու համար:

«Գուտերեշը պետք է ավելի ակնառու ջանքեր գործադրի հատկապես ՄԱԿ-ի գլխավոր շտաբում բյուրոկրատիան նվազեցնելու ուղղությամբ»,- գրում է Գիբնին: Նրա խոսքով՝ պետք է նոր բանաձեւ մշակվի, որով ՄԱԿ-ի առավել անապահով անդամների ներգրավվածությունն ու ներդրումներն ավելի ակներեւ կդառնան ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման մեջ: Նաեւ լավ է, որ Թրամփի դիքորոշումը քչերն են ողջունում. Արեւմուտքի մյուս երկրները հիմնականում մեծացնում են իրենց դերն ու աջակցությունը ՄԱԿ-ի գործունեությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ–ում Կուբայի ներկայացուցիչը ԱՄՆ–ի կողմից սահմանված էմբարգոն ցեղասպանություն է անվանել
Շրջափակումը կուբացի ժողովրդի իրավունքների մասշտաբային, կոպիտ եւ համակարգային խախտում է…
Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան կոչ են արել հետաքննել սաուդյան լրագրողի անհետացումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ լրագրողի անհետացման հետ կապ չունի․․․
ԶԼՄ-ներն իմացել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուների անունները
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ խոսքը Ջեյեմի Մաքքորթի եւ Քելլի Քրաֆթի մասին է․․․
ՄԱԿ ԳԱ-ն Մարդու իրավունքների խորհրդում 18 երկիր է ընտրել
Նրանց իրավասությունները սկսվում են 2019թ․ հունվարի 1-ին․․․
Ռուսաստանին անհանգստացնում է «մայր» եւ «հայր» հասկացություններից հրաժարումը
2019թ․ կնշվի Երեխայի իրավունքների կոնվենցիայի 30 ամյակը․․․
ՄԱԿ-ը նշել է 20 տարիների ընթացքում աղետների պատճառով զոհված մարդկանց թիվը
20 տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել 7255 տարերային աղետ, որոնց մեծ մասը կապված է եղանակի հետ...
Ամենաշատ
Partner news