News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններն ազատ եւ ժողովրդավար էին, դրանց արդյունքների վերաբերյալ, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա։ Ընտրությունների խնդիրը ոչ այնքան Երեւանի ավագանի ընտրելն էր, որքան Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն, եւ այդ խնդիրը լուծվեց փայլուն կերպով՝ Փաշինյանին վստահում է երեւանցիների (եւ, վստահ եմ, նաեւ հայաստանցիների) 80 տոկոսից ավելին: (Ի դեպ, կիրակի օրը ընտրողների 43 տոկոսանոց ներկայությունը նորմալ թիվ է տեղական ընտրությունների համար, Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում թիվն ավելի մեծ չէր):

Անձամբ ես եթե երեւանցի լինեի, «Իմ քայլը» դաշինքին ձայն չէի տա: Ոչ թե այն պատճառով, որ Հայկ Մարությանն ինձ դուր չի գալիս՝ ճիշտ հակառակը: Ինձ դուր չի գալիս բոլորովին այլ բան՝ երբ ինձ սպառնում են գոյություն չունեցող բաներով. «Եթե «Իմ քայլը» չհաղթի, արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ ՀՀԿ-ն կամ Քոչարյանը կվերադառնան իշխանության»: Ինչի՞ համար է խոսվում այն բաների մասին, որոնք երբեք տեղի չեն ունենա:

Քոչարյանը կամ ՀՀԿ-ն այլեւս երբեք իշխանության չեն գա, արտահերթ ընտրություններ անպայման տեղի կունենան՝ դա բոլորիս ցանկությունն է՝ տվյալ դեպքում ոչ թե 80, այլ 99 տոկոսի:

Վերապահումով եմ վերաբերվում այն պնդմանը, թե ժողովուրդն արդեն դարձել է քաղաքացի։ Ինչպես ճիշտ նկատեց ծանոթներիցս մեկը, քաղաքացին լիդերի անունը չի վանկարկում։ Եթե վանկարկում է, ուրեմն նա ապավինում է ոչ թե պետական մեխանիզմներին, այլ «փրկչի» զորությանն ու բարի կամքին։ Մարդկանց չեն հետաքրքրում քաղաքի խնդիրները եւ ընդհանրապես պետության հեռանկարները։ Նրանց հետաքրքիր է, թե երբ եւ ինչպես են պատժելու «նախկիններին»:

ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, որը, ի դեպ, ոչ քրեական հեղինակություն է, ոչ էլ օլիգարխ, վթարի էր ենթարկվել՝ բարեբախտաբար, առանց լուրջ հետեւանքների։ Այդ տեղեկատվության տակ համացանցի մի քանի տասնյակ օգտատերեր գրեցին մեկնաբանություններ, որտեղ, եթե մեղմ ձեւակերպենք, բուռն ցանկություն էր արտահայտվում, որ այդ վթարը ողբերգական ավարտ ունենար: Դա մի խումբ շեղված մարդկանց դիրքորոշում չէ, այդպես է մտածում ժողովրդի մեծամասնությունը։ Հավանաբար, 80 տոկոսից ավելին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ