News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից:

Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման եւ ռիսկերի չեզոքացմանն առնչվող հարցեր։

Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ծրագրերի իրականացման ընթացքին եւ շեշտել, որ մարզպետարանների կողմից անհրաժեշտ է տանել հստակ վարչակազմակերպչական աշխատանքներ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ դրանց ժամկետների պահպանման ուղղությամբ։

Խոսելով վերջերս հակակարկտային կայանքների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտահոգությունների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում գույքագրել պետական, համայնքային ենթակայության եւ մասնավոր սեփականություն հանդիսացող հակակարկտային կայանքները՝ ներկայացնելով դրանց պահպանման արժեքի եւ ծասխարդյունավետության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն։ Այս առնչությամբ նախարարը հայտնել է, որ խնդիր ունենք վերլուծել ոլորտում տիրող իրավիճակը  եւ բացառել անարդյունավետ ու անընդհատ ծախս պահանջող կայանքների աշխատանքը։ 

Նախարարը տարակուսանք է հայտնել համայնքների կողմից հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման ներկայիս ընթացքի վերաբերյալ եւ մարզպետներին կոչ արել բնակիչների շրջանում տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ հարկերից խուսափելու իրավական հետեւանքների մասին։  

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է անձամբ հետեւել ֆրանկոֆոն ավանում մարզերի բովանդակային առանձնահատկությունների պահպանմանը եւ ձեռնարկել պահանջվող բոլոր միջոցառումները՝ մարզային կոլորիտն ու մշակութային յուրահատկությունը որակական բարձր մակարդակով ներկայացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ