News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ նշելով.

«Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի եւ հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության եւ համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարեւորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակներում:

Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ եւ կենսունակ համագործակցության ծրագրերում: Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի եւ այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ:

Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, եւ որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ:

Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով:

Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում եւ պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ