News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերլուծելով ԱԺ-ն լուծարելու հնարավոր տարբերակները, ինչպես նաև հնարավոր զարգացումները՝ Երևանի ավագանու ընտրություններից և դրանց արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ 80% ձայներն ստանալուց հետո:

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամնողջությամբ.

«Ենթադրում եմ, որ Երեւանի ընտրությունների հետ կապված առաջին էմոցիոնալ ռեակցիան արդեն անցել է, ու հիմա սկսում եք մտածել, թե սրան ինչ է հետեւելու։ Քանի որ Երեւանի ընտրությունները արդյունքում վերածվեցին հեղափոխական կուրսի շարունակության, եւ Ազգային ժողովի ցրման օգտին քվազի-հանրաքվեի, հիմա հիմնական հարցը հենց Ազգային ժողովի ցրումն է եւ նոր ընտրությունների կազմակերպումը։ Ու թեեւ էմոցիոնալ եւ բարոյա-հոգեբանական դաշտում սա կարծես անհերքելի հարց է, ռացիոնալ քաղաքականության դաշտում խնդիրը շատ ավելի բարդ է, եւ ահա թե ինչու։

Կա Ազգային ժողովի ցրման երկու տարբերակ՝ առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում, եւ սահմանադրության փոփոխության միջոցով (բայց եւս սահմանադրական ճանապարհով)։ Տեսականորեն, կա նաեւ վարչապետի սիրած «հրապարակի ուժով» Ազգային ժողովի ցրումը, բայց այն ունի այն քանակությամբ վտանգավոր հետեւանքներ, որ նույնիսկ չարժի լուրջ քննարկել (թեեւ չի կարելի բացառել)։

Առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում, վարչապետը պետք է հրաժարական տա, երկու անգամ պետք է չընտրվի նոր վարչապետ, եւ Ազգային ժողովը ցրվի օրենքի ուժով։ Սահմանադրության փոփոխության տարբերակում, սկզբից պետք է հավաքել առնվազն 200 000 ընտրողի ստորագրություն, հետո հրապարակի ուժով հարկադրել, որ Ազգային ժողովը առնվազն 70 ձայնով ինքնալուծարման հնարավորության հարցը դնի հանրաքվեի, հետո հանրաքվեում հավաքել առնվազն 650 000 ձայն, հետո էլ արդեն փոխված սահմանադրության պայմաններում (որը ուժի մեջ է մտնում անցումային շրջանից հետո), նորից հրապարակի ուժով հարկադրել, որ Ազգային ժողովը որոշում ընդունի ինքնալուծարման մասին։

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ ճանապարհը ոչ միայն երկար է, այլեւ պակաս հավանական, քանի որ ամեն մի էտապ իր մեջ իրականացման լուրջ ռիսկեր ունի, եւ պահանջելու է ամեն անգամ հեղափոխական ճամբարի ուժերի գերագույն լարում։ Նաեւ, անցնող ժամանակը իր մեջ նորանոր ռիսկեր է ծնում իշխանության համար, ուստի տրամաբանական է, որ հեղափոխական իշխանությունը գնա առաջին ճանապարհով։ Սակայն այստեղ էլ ուրիշ կարգի բարդություն է առաջանում։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ֆորմալ իմաստով Ազգային ժողովը իրավունք ունի նոր վարչապետ նշանակելու, եւ դրանով խուսափի ցրվելուց։ Թեեւ այսօր գործող քաղաքական գործիչներից որեւէ մեկը թերեւս պատրաստ չի իր վրա վերցնել կամիկաձեի դերը եւ դառնալ «հակահեղափոխական» վարչապետ այս իրավիճակում, կա առնվազն մեկ նախկին քաղաքական գործիչ, որը կորցնելու բան առանձնապես չունի, եւ կարող է այդպիսի ռիսկի գնալ, ընդ որում ունենալով թաքնված դաշնակիցներ թե երկրի ներսում, եւ թե դրսում։ Իհարկե, սթափ հայացքով դա լիակատար արկածախնդրություն է թվում, բայց մինչեւ այժմ պատմության մեջ եղած ցանկացած հեղաշրջում էլ արկածախնդրություն է եղել, եւ ոմանք հաջողության են հասել։

Մինչեւ այժմ Նիկոլ Փաշինյանին հենց այդ ռիսկն է անհանգստացրել, եւ հենց դրա համար էր պետք 80%+ ձայնը Երեւանի ընտրություններում, որպեսզի այդ ռիսկը չեզոքացվի։ Սակայն ֆորմալ տեսանյունից, Երեւանի ընտրություններոմ ստացած 294 հազար ձայնը երկրի գրանցված ընտրողների ընդամենը 11,5% է, եւ նունիսկ նախորդ ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների 20% է, իսկ մնացած ընտրողների կարծիքը ոչ ոք ճշգրիտ չգիտի (եւ չի իմանա, մինչեւ նոր համապետական ընտրություններ չլինեն)։ Որքան էլ որ Նիկոլը փորձի Երեւանի ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես միարժեք արգումենտ, հակառակ կողմը, ելնելով սեփական ինքնապահպանման բնազդից, դիմադրելու է, եւ փորձելու է նրան մղել ռիսկային զոնա, որտեղ հրաժարականից հետո հնարավոր են դառնում անկանխատեսելի զարգացումներ։

Երկրի եւ հասարակության շահն է, իհարկե, որպեսզի տեղի ունենա Ազգային ժողովի նոր, ժողովրդավարական ընտրություններ, եւ այս թնջուկը վերջապես հանգուցալուցվի։ Հասարակության շահն է նաեւ, որ Նիկոլը եւ իր հեղափոխական դաշինքը այլեւս չհավաքի 80% ձայն այդ ընտրություններում, քանի որ սա կբերի նախորդի նման միակուսակցական համակարգի առաջացման (թեեւ, Ազգային ժողովում բոլոր դեպքերում ոչ մի ուժ չի կարող ունենալ 70%-ից ավել տեղ)։

Սա պահանջում է, մի կողմից, Ազգային ժողովի լուծարում, իսկ մյուս կողմից, հեղափոխական հռետորաբանությունից անցում երկրի զարգացման օրակարգի ձեւավորմանը, եւ դրա շուրջ ավելի լայն քաղաքական համաձայնության կայացմանը։ Այստեղ է, որ թե հասարակության, թե հեղափոխական ճամբարի, թե ՀՀԿ-ի, եւ թե մյուս քաղաքական ուժերի շահերը կարող են համընկնել։

Սակայն որպեսզի դա տեղի ունենա, կողմերին պետք է իրար հետ պայմանավորվել, եւ այս անգամ արդեն իրար տալ խելամիտ, եւ հանրության առաջ վավերացված երաշխիքներ՝ իրավիճակի սահմանադրական եւ ժողովրդավարական հանգուցալուծման վերաբերյալ։ Այլապես, իրար կոշտ հակազդելով, եւ մղելով ընդհանուր իրավիճակը ռիսկային տարածք, Նիկոլը եւ Ազգային ժողովում նրա օպոնենտները կվտանգեն առաջին հերթին ամբողջ երկրի շահերը։

Խաղերի տեսությունում հայտնի է, որ կան վիճակներ, որում ամեն կողմը որոշակի բան զիջելով, շահում է ավելի շատ, քանի որ չպայմանավորվելը դիմացինի հետ բերում է ընդհանուր մեծ կորստի, դա մասնավորապես ճիշտ է այն դեպքում, երբ կա արտաքին երրորդ կողմ, որը շահում է բանակցող կողմերի ձախողման դեպքում։ Այսօր հենց այդպիսի վիճակ է ստեղծվել, եւ ես կուզեի, որ մենք բոլորս դա հասկանանք, եւ օգնենք քաղաքական հավասարման կողմերին՝ գնտել խելամիտ բանակցային լուծում, որը երկիրը առաջ կտանի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ