News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ:

Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարության ամենօրյա կազմակերպչական գործունեության նկատմամբ երիտասարդների պատրաստակամ ներգրավվածությունն ու ակտիվ աշխատանքը, ապա լսել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ նրանց տպավորությունները, կարծիքներն ու առաջարկները:

Խոսելով պետական կառավարման համակարգում երիտասարդներին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը հետհեղափոխական շրջանի կարեւոր ձեռքբերումներից է։ «Երիտասարդներն  իրենց նախաձեռնողականությամբ եւ զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան Հայաստանում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը»,- նշել է նախարարը եւ հորդորել երիտասարդներին՝ չխուսափել բարձրաձայնել առկա թերությունները եւ հանդես գալ նորարարական առաջարկներով, գաղափարներով եւ նախաձեռնություններով:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, նրանց հետ քննարկել ինչպես նախարարության առօրյա աշխատանքային գործունեությանը, այնպես էլ տարածքային կառավարման եւ զարգացման ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցեր:

Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարի` ընձեռնված հնարավորության, իրենց ցույց տրված ջերմ ընդունելության եւ աշխատանքային գործընթացում աշխույժ ներգրավման համար: Ամփոփելով` նախարարը նշել է, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալ պետական կառավարման համակարգին եւ հավելել`  «պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը»։

Տպել
Ամենաշատ