Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, որ վերջինս եւ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում հրաժարական են տալու։
Դավիթ Սանասարյանը , սակայն, հրաժարականի հիմք չի տեսնում. «Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոն զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել։ Մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան, ինչ–որ մասով դրան հասել ենք՝ դուք հիմա նոր կառավարության եք տեսնում, մյուս մասն էլ կտեսնեք»։
Հարցին՝ իր աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, գո՞հ է, նա նշեց. «Իմ աշխատանքից գոհ պետք է լինեն քաղաքացիներն ու ինձ այս պաշտոնին նշանակած վարչապետը»։











