News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հիմա պետությանը վնաս պատճառված գումարները վերադարձնելու գործընթացի մեջ ենք, իրավապահների հետ աշխատանք ենք տանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է զբաղվում հիմա ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, դեռ փաստաթղթավորման գործընթացը չի՞ ավարտվել։

«Եկող շաբաթ վարչապետին կներկայացնենք 2 նոր ավարտված ուսումնասիրության ՝ Ագրարային համալսարանում եւ Էջմիածնի քաղաքապետարանում»,–նշեց նա՝ հավելելով, որ լրացուցիչ կտեղեկացնեն դրանց մասին։

Նա անդրադարձավ նաեւ «Հայրենիք–Սփյուռք» ՊՈԱԿ–ում կատարված բացահայտումներին. ««Հայրենիք–Սփյուռք» ՊՈԱԿ–ից արդեն 48 մլն վերադարձ եղել է։ Պետական հաշվի վրա այդ գումարն արդեն կա»։

Սանասարյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել, արդյոք դա կարող է կապված լինել ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ. «Դա ես չեմ կարող ասել, իրավապահ մարմիններից պետք է ճշտեք։ Նրանք ընդհանուր 100 մլն վնասը ստանձնել են, որ կփոխհատուցեն։ Սպասում ենք, որ Քննչական կոմիտեն իրավական գնահատական տա, որից հետո իրենց պատրաստակամ են այդ գումարը հետ բերել»։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ՔԿ–ում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ պետությանը պատճառված վնասը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նաեւ մի գյուղապետ, իսկ թե որ գյուղապետի մասին է խոսքը, նա չմանրամասնեց. «Իմ ասուլիսից հետո գյուղապետերից մեկը պետությանը հասցված 17 մլն դրամ վնասը ԲԷՑ–ի շրջանակներում  պատրաստակամություն է հայտնել վերադարձնել։ Երբ իրավապահ մարմինները կոնկրետ գնահատական կտան, հոդվածները կճշտվեն, կլուծվի վերադարձի հարցը»,–շեշտեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետը։

Նա պաշտոնապես հայտարարեց՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1.5 մլրդ հետ կբերվի պետբյուջե. «ԲԷՑ, «Հայրենիք–Սփյուռք» ՊՈԱԿ, «Լուսանշան» ՊՈԱԿ…Այս կառույցների պատասխանատուները ստանձնել են պատասխանատվությունը, որ վերադարձնելու են պատճառված վնասը»։

Տպել
Ամենաշատ