News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է այցը Նյու Յորք եւ արդեն ժամանել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել են սպիտակ վարդերի փնջով։ Հայաստանի վարչապետն այնուհետև ուղևորվել է Տաջիկստանի նախագահի նստավայր, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբե կմեկնի Բաքվից, որտեղ ժամանել է այսօր կեսօրին: Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք պայմանավորվել են ակտիվացնել համատեղ նախագծերը Կասպից տարածաշրջանում, այդ թվում՝ նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում: Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է ժամանցային մասը: Երկու երկրների ղեկավարները միասին դիտել են Ձյուդոյի աշխարհի առաջնության բացումը:

Պուտին-Ալիեւ հանդիպման օրակարգում եղե՞լ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, թե ոչ, առայժմ հայտնի չէ:

Արցախի հարցը քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Նյու Յորքում: Մնացականյանն ու Մամեդյարովը նախ հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւԱնջեյ Կասպրշիկի հետ, ապա ունեցել առանձնազրույց: Կայուն խաղաղություն հաստատելու շուրջ երկխոսությունը կշարունակվի առաջիկայում՝ համանախագահների տարածաշրջան այցի ժամանակ:

Վերջին 10 օրում հայկական Զինված ուժերում 3-րդ զինծառայողն է զոհվում հակառակորդի գնդակից: Սեպտեմբերի 26-ի երեկոյան Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի դիրքերում զոհվել է 19-ամյա Աղասի Մկրտչյանը: Կրտսեր սերժանտի մահվան հանգամանքները պարզվում են: Նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ի դեպ, Ադրբեջանը վերջին զորավարժություններից հետո իր ստորաբաժանումները չի վերադարձրել մշտական տեղակայման վայրեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Ադրբեջանն այս պրակտիկան կիրառում է խուճապ առաջացնելու նկատառումով:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի թիկունքի պետ է նշանակվել Ռոմիկ Մարգարյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Նորայր Յոլչյանին, որն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 15-ին։

Արտաքին գործերի նախարարության որոշմամբ՝ դիվանագիտական անձնագրերից զրկվածների ցուցակում բավական ուշագրավ անուններ կան՝ նախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև Զորի Բալայանը, Գագիկ Ծառուկյանի կինը, Հրանտ Մարգարյանը, Արտակ Շաբոյանը: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, 254 անձի դիվանագիտական քաղաքացու անձնագիր է չեղարկվել:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետ կանչել դեսպաններին: Առաջիկայում Վատիկանից հետ կկանչվի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Այս տեղեկությունը հաստատել է արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ նա չի շարունակի պաշտոնավարել որպես դեսպան:

Արդեն երկրորդ շաբաթն է՝ Կառավարության նիստը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այսօրվա նիստում հաստատվել է 2019թ. բյուջեի նախագիծը: Եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 462 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ ավելի քան 151 մլրդ դրամ: Վերանայվել է 2018թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը՝ 4.5 տոկոսի փոխարեն՝ 6.5 տոկոս: Փոխարենը նվազել է մյուս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ 5.3-ի փոխարեն՝ 4.9 տոկոս:

Առաջիկա երեք ամիսների ընթացքում Պետական վերահսկողական ծառայության կատարած չարաշահումների ուսումնասիրությունների արդյունքում պետբյուջե կվերադարձվի 1.5 մլրդ դրամ: Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին նաեւ ասել է՝ առաջիկայում վարչապետին կզեկուցեն եւս երկու գերատեսչություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Ինչ վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ առանձնատներին, դա, ըստ Սանասարյանի, նախ Էթիկայի հանձնաժողովի անելիքն է: Եթե պարզվի, որ դրանք կառուցվել են պաշտոնի չարաշահմամբ ձեռք բերված գումարներով, գործով կզբաղվեն իրենք:

Սանասարյանն անդրադարձել է նաեւ իր եւ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին համառորեն պտտվող լուրերին, պատասխանել՝ իրենք համառորեն շարունակում են պաշտոնավարել:

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքն այն քիչ որոշումներից է, որտեղ գործող Կառավարությունը համաձայն է նախկին իշխանությունների հետ: Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն ասել է՝ մտադիր չեն վերանայել այդ որոշումը, այսպես թե այնպես 2020թ.-ի սկզբից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվելու է ամբողջ ԵՏՄ տարածքում, որոշումը թեկուզ ժամանակավորապես փոխելու իմաստ չկա: Հարցին, թե հատկապես ինչով են վտանգավոր աջ ղեկով մեքենաները, նախարարը պատասխանել է խիստ պատկերավոր:

Հայաստանի իրավապահներն արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում հայտնաբերել Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Չնայած ռուսական կողմը գրություն է ուղարկել Հայաստանի ոստիկանություն ու հայտնել, որ չի պատրաստվում վերադարձնել իր քաղաքացուն, մեր գլխավոր դատախազը շարունակում է պնդել՝ իրենք դեռեւս փնտրում են ու չգիտեն Միքայել Հարությունյանի գտնվելու վայրը:

Իսկ Ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել է առաջիկայում հրապարակել արդյունքները:

Ինքը՝ Արթուր Վանեցյանը, հարցաքննվել է գաղտնալսման սկանդալային ձայնագրությանգործով: Նրանից բացի՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննության են հրավիրվել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, դատավոր Վաչե Մարգարյանը, որի անունը շոշափվում է ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցում: Նշենք, որ առաջին ատյանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ հուլիսին կալանավորվել էր երկրորդ նախագահը:

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում: Մերկ տղամարդը բարձրացել է Արտաքին գործերի նախարարության դիմաց գտնվող Ստեփան Շահումյանի արձանի վրա: Միջին տարիքի տղամարդուն ոստիկաններն իջեցրել են արձանից ու տեղափոխել հիվանդանոց:

Սեպտեմբերի 27-ին դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել։ Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 7 դրամ 33 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Սեպտեմբերի 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 5-6 աստիճանով: Երեւանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ