News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ եւ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը:

ՀՀ եւ ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումները:

Նախարարները շեշտեցին, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ջերմ բարեկամական հարաբերություններում իր ներդրումն ունի նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով սմարթ զարգացման եւ թվային օրակարգը եւ դրա շրջանակներում համագործակցության խթանումը:

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաեւ նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ