Իրանի զինված ուժերի յոթ անօդաչուները հարվածներ են հասցնում Եփրատ գետի արեւելքում գտնվող Սիրիայի ծայրահեղականների դիրքներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով PressTV հեռուստաալիքին:
Վաղ առավոտյան ԻՀՊԿ-ն Սիրիայի ուղղությամբ Եփրատ գետից դեպի արեւելք մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել, որտեղ ինչպես նշվում է, գտնվել են իրանական Ահվազում ահաբեկչության կազմակերպիչները: Դրանից մի քանի րոպե անց գործողության վայր են ուղարկվել իրանական մարտական դրոնները հարվածների հետեւանքների մոնիթորինգի եւ հակառակորդների թիրախների խոցման համար, եթե հայտնաբերվեն դրանք:
Սեպտեմբերի 22-ին Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում կատարվել էր ահաբեկչական գործողություն: Անհայտ զինված անձինք, ովքեր ամբիոնի հետեւում էին, կրակ էին բացել մարդկանց վրա: Առնվազն 29 մարդ զոհվել է, մոտ 60 մարդ՝ վիրավորվել:
Իրանական ISNA գործակալության տվյալներով, Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ահվազի արաբական հայրենասիրական ժողովրդավարական շարժումը» հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել: Reuters-ը հաղորդում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման զինյալները:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել են, որ Ահվազ քաղաքում հարձակումը ԱՄՆ-ի աջակցությամբ կազմակերպել են Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները:




























