Ներկայումս հայկական կողմը փորձում է առօրեական դարձնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հոկտեմբերի 1-ի ասուլիսում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով նախկինում էլ երկու երկրների հարաբերություններում թյուրըմբռնումներ ու անհարթություններ են եղել, բայց դրանք հարթվել են հենց այդ ամենօրյա աշխատանքով:
«Այժմ Փաշինյանը ձգտում է հանդիպումներ անցկացնել, ցանկացած հնարավորություն օգտագործել հարաբերություններն առօրեական դարձնելու համար: Ռուսական կողմն ակնհայտ ըմբռնումով է մոտենում եւ այժմ ամեն դեպքում, նույնպես ձգտում է հարթեցնել գործընթացը», -ասաց քաղաքագետը՝ արձանագրելով, որ կա որոշակի անհամաչափություն եւ տարաձայնություն, ինչը տեսանելի է որոշ ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին է օրինակ Խաչատուրովի գործը: Սակայն այժմ ստեղծվում է ձեւաչափ, որտեղ փոխգործակցությունը հնարավոր կլինի, նկատեց Իսկանդարյանը: