News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անցյալը հիանալի թանաքաման է նրա համար, ով գրին է նվիրվում

Շ. Ազնավուր

94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե, գրող, երգահան եւ հայկական ծագումով դերասան Շառլ Ազնավուրը:

NEWS.am-ը ներկայացնում է մեծ շանսոնյեի հարցազրույցներից հատվածներ (ֆոտոռեպորտաժ):

Հայկական արմատների մասին

Ես եւˊ հայ եմ, եւˊ ֆրանսիացի: Մեկը մյուսից անքակտելի է, ինչպես կաթը սուրճից: Բայց եթե իմ պապերից մեկը սեւ լիներ, մյուսը՝ հրեա, իսկ երրորդը՝ արաբ, ապա ես էլ ուրիշ կլինեի:

…Իմ արմատները խորը թաքնված են հողում, որը կորչում է ոտքերիս տակից: Եվ ո՞րտեղ է իրականում այդ հողը: Թուրքիայի սահմանների՞ն, որտեղ հայերի ոսկորներն արդեն փոշի են դարձել, որը անապատով ցրել է Ասիայի քամին: Վրաստանու՞մ, որտեղ ապրել է իմ հոր ընտանիքը: Հայաստանու՞մ, որտեղից մենք բոլորս ծագում ենք: Ես ինչպես նախկինում մնում եմ քոչվոր, էմիգրանտ, ապատրիդների որդի, որն այլ երկիր  է ընդունել, նրա մշակույթը եւ լեզուն, առանց ներկա եւ անցյալ ունենալու:

1963 թվականին Հայաստան առաջին այցելության մասին

Անկեղծ ասած, մենք երջանիկ էինք, որ կոմունիզը եկավ Հայաստան, որովհետեւ կոմունիզմը պաշտպանեց Հայաստանը:

Ճիշտ  է, նրանք,  ովքեր 1947-ին մշտական բնակություն հաստատելու նպատակով  ժամանել էին Հայաստան, իրենց կյանքի վերջին օրերն անցկացրեցին Գուլագներում:

Այսինքն դա եւ բարիք էր եւ չարիք, բայց ինչպես ասում են Չինաստանում՝  «նրանք գոնե բրձնի իրենց ամանն ունեին»: Ես ավելի լավ ճանաչեցի Հայաստանը, երբ երկրում դժվարություններ սկսվեցին: Այդ ժամանակ ես արթնացա: Ես ասացի ինձ՝ դու հնարավորություն ունես քո պատմական հայրենիքի համար ինչ-որ բան անել: Ծանոթնրը ինձ հարցնում էին. «Դու վերադառնում ես հայրենի՞ք», իսկ ես պատասխանում էի, որ իմ հայրենիքը Ֆրանսիան է: Որոշ ժամանակ ծանոթներս դեռ կատակում էին այդ առիթով:

«Քեզ համար, Հայաստան» երգի մասին

Հայաստանում երկրաշարժ էր տեղի ունեցել: Այդ փոքր երկրում, առանց ծովի ելքի, առանց հատուկ հողային ռեսուրսների, որտեղ կյանքը դաժան եւ ծանր է, երկրում, որը վերապրել է ստալինիզմ, անարդարություն, բազմաթիվ խնդիրներ:

Իսկ մինչ երկրաշարժը հարեւանների հետ խնդիրներ կային, խնդիրներ, որոնք ավերեցին գյուղեր եւ քաղաքներ, սպանեցին եւ վիրավորեցին տասնյակ հազարավոր տղամարդկանց, կանանց եւ երեխաների:

Բայց հողը երերաց եւ առանց այն էլ մռայլ հորզոնը, ավելի մութ դարձավ:  Մինչ այդ պահը ես այնքան էլ ուշադիր չէի, թե ինչ է կատարվում այնտեղ՝ մեր հիշողության ծայրամասում. շատ զբաղված էի աշխատանքով:

Բայց հիմա հանկարծ գիտակցեցի, որ այդտեղից են իմ արմատները, որ շատ դարեր առաջ մեր նախնիները ապրել են հողում, որը հենց նոր ճեղքվեց՝ դառնալով գերեզման շատ հայերի համար, աղքատության եւ սգի նոր աղբյուր: Ես միանգամից հարցրեցի Լեւոնին, թե ինչ կարելի է անել, ինչպես կարելի է օգնել տուժածներին: Մենք կազմակերպեցինք  «Ազնավուրը՝ Հայաստանի համար» ասոցիացիան եւ ես գրեցի «Քեզ համար, Հայաստան» երգի բառերը:

Հաջորդ օրը Ժորժը այդ բառերի հիման վրա երաժշտություն գրեց: Սկավառակի ձայնագրման համար մենք դիմեցինք մեր բոլոր ընկերներին: Սկավառակը մի քանի շաբաթ հիթ շքերում առաջին տեղն էր զբաղեցնում եւ դա օգնեց տուժածներին օգնություն ցույց տալ:

Լեւոնի եւ ասոցիացիայի անդամների հետ միասին, մենք միսյե Դասսոյի սիրալիր օգնության շնորհիվ, որը մեզ տրամադրեց իր ինքնաթիռներից մեկը, ժամանեցինք դեպքի վայր: Եվ ես, երբեք ոչ մի ձեւով քաղաքականության մեջ ներքաշաված չլինելով, անսպասելի հրավիրվեցի Կրեմլ բանտարկյալների ազատման Ղարաբաղի կոմիտեի հարցերը քննարկելու համար՝ 13 մարդու, որոնցից մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որը հետագայում դարձավ Հայաստանի առաջին նախագահը: Այդ ժամանակվանից ես հաճախ եմ այցելում այդ երկիր՝ վիրավորված, ապականված, սոված, անտուն: Երկիր, որի հողը ստեղծված է քարերից, որբերի երկիր, մոռացված, լքված, կարիքավոր, տառապանքներով լի, բայց արդեն երկար դարեր հույսով ապրող, որ իր երեխաներին լավ ապագա է սպասվում»:

Տաթեւի վանքում որդիներին կնքելու մասին

Ես շատ հպարտ եմ, որ որդիս որոշեց Հայաստանում կնքվել: Ծնողներս երջանիկ կլինեին, եթե իմանային, որ իմ որդիներից երկուսը՝ Միշան եւ Նիկոլյան, այստեղ են կնքվել՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին:

Երկարակեցության մասին

Ես ամեն օր 340 մետր լողում եմ գոտու վրա ծանրացուցիչով: Մշտապես ուտում եմ ափսեի մեջ եղածի կեսը: Արդեն 40 տարի չեմ ծխում, չնայած երբեմն կարող եմ ինձ բավականություն պատճառել սիգարով: Սակայն թունդ ալկոհոլ չեմ խմում: Միայն գինի եւ շամպայն:
Ես նախատեսել եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ իմ հարյուրամյակի օրը: Իսկ հետո կտեսնենք: Եվ ինչո՞ւ պիտի ինձ կապկպեի: Որ մեռնեի տա՞նը, բազկաթոռին նստա՞ծ: Ո՛չ, մերսի:

Կյանքում պետք է ծիծաղել: Ով ծիծաղում է, նա ավելի լավ ու երկար է ապրում:

Մի անգամ կնոջս հետ զրուցում էի, եւ նա ասաց. «Քո տարիքում կանգ առնելու ժամանակն է», ինչին պատասխանեցի. «Եթե կանգ առնեմ, ապա կմեռնեմ»: «Շարունակիր»,- պատասխանեց նա:

Իր թուլությունների մասին

Միայն մեկը՝ «Իկեան»: Չեմ կատակում, ես «Իկեան» համարում եմ ամենահիասքանչը, որ մարդկությունը ստեղծել է: Այս խանութի շնորհիվ կարելի է 3 րոպեում սենյակի պատկերն ամբողջությամբ փոխել: Այնտեղ ամեն ինչ հոյակապ որակ ունի եւ գույներն էլ գերազանց են ընտրված: Ըստ էության, ես ամուսնացա շվեդուհու հետ, իսկ դա «Իկեա» տանող ուղիղ ճանապարհն է:

Գլխավոր հայկական հատկանիշի մասին

Իմ հայկական գլխավոր հատկանիշը աշխատունակությունն է: Ես որպես վարպետ յուրաքանչյուր բառը կռում եմ, յուրաքանչյուր արտահայտությունը հղկում: Անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար եթե պիտի օրեր, շաբաթներ եւ անգամ ամիսներ անցկացնեմ, ես այն համառորեն փնտրում եմ:

Ընտանեկան կյանքի մասին

Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի: Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի: Երրորդ անգամ ես, վերջապես, ամուսնացա նրա հետ, ում մասին մշտապես երազել էի՝ բաց գույնի աչքերով եւ մետաքսե մաշկով շիկահերի հետ: Դրանից բացի, Ուլլան ինձանից 17 տարով փոքր է: Կարծում եմ՝ տարիքային հոյակապ տարբերություն է: Իսկ ընդհանրապես, երկարատեւ ամուսնական կյանքի գաղտնիքը իրար կողքի քեզ առավելագույնս բնական պահելն է եւ միշտ իրար ասել այն, ինչ ցանկանում ես ասել: Չնայած հիմա ես բոլորին եմ ճշմարտությունն ասում: Իմ տարիքում կարող եմ դա թույլ տալ. ես հիմա սուրբ կովի նման եմ:

Ես արտասովոր կին ունեմ, չնայած նա ոչ միշտ է ինձ հետ համաձայն: Մենք տարբեր ծայրերում ենք ծնվել. նա՝ սառը, իսկ ես՝ տաք: Դրանից բացի, նա բողոքական է, եւ մենք երեխաների դաստիարակության հարցում տարբեր կարծիքի ենք: Սակայն արդյունքում մեզ հաջողվել է ներդաշնակության հասնել:

Հայաստանում թավշյա հեղափոխության մասին

Հայաստանում բնակվող իմ թանկագին քույրեր եւ եղբայրներ:
Շնորհավորում եմ, որ կարողացաք առանց արյան, առանց բռնության, առանց արժեքները ոտնահարելու երկրում այլ իրականություն ապահովել: Քաղաքացիական անհնազանդության օրերին դուք դրսեւորեցիք նաեւ արժանապատիվ ու մարդասիրական վերաբերմունք, առաջացող խնդիրների լուծումն այնքան հարթ ու արագ կայացնելով՝ ասես դա հեշտ էր: Սա  զարմացրեց եւ շատ այլ երկրների կառավարությունների մտորումների առիթ դարձավ:

Մեզ՝ Սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր աշխարհին ասել, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն եւ մարդասիրություն դրսեւորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը չի կարող լինել փոխըմբռնմանն ու խաղաղությանը տանող ճանապարհ: Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք շատ դժվարություններ ենք ապրել: Հիմա բացում ենք երջանկության, իմաստության եւ սիրո էջը:



Ձեզ հաջողվեց ապացուցել, որ մեր ազգը բարձր գիտակցություն ունի, եւ որ մեր երկրի առաջնահերթությունն է եղել եւ մշտապես մնում է միասնությունը: Այդ միասնությունը թույլ կտա ապահովել երկրի բարեկեցությունը եւ քաղաքացիների միջեւ բարեկամական հարաբերությունները: Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել՝ միավորվելով եւ պատասխանատվության մեծ զգացումով: Մենք՝ հայերս, կարողացել ենք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» եւ «ընտանիք» բառերը մեր արժեքներն են: Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում հավասար իրավունքներ ու ազատություններ ունի:

Գուցե ես աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, բայց ես հպարտ եմ իմ Հայաստանով եւ դա երբեք չեմ թաքցրել:

Շնորհակալություն հայ ժողովրդին, որ աշխարհին ցույց տվեց մեր մարդասիրությունը: Հայաստանը մեծ է իր արժեքներով: Օրինակ եղեք բոլոր նրանց համար, ովքեր տարբերվում են, գուցե փոփոխությունների համար այնքան էլ բաց չեն: Եկեք առաջ ընթանաք մեկ ճանապարհով: Վստահ եմ, որ այն լավագույնն է մեր ազգի ու ժողովրդի ապագայի համար:

Շնորհակալություն յուրաքանչյուրին այն բանի համար, որ ինձ պարգեւեցին հպարտության այս մեծ զգացումը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ