News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


94 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը։ Աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում։ Մինչև այդ նա շրջագայության էր Ճապոնիայում։ Ազնավուրը, ամենայն հավանականությամբ, կհուղարկավորվի Փարիզից ոչ հեռու՝ Մոնֆոր լե Ամորի կոմունայում։ Ազնավուրն այդ շրջանում տուն ունի, որտեղ հաճախ էր լինում ընտանիքի հետ միասին։ Այսօր երեկոյան Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել մոմավառություն` Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի։ Մի քանի ժամ շարունակ հարյուրավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել լեգենդին, ծաղիկներ ու վառվող մոմեր դրել հրապարակում նրա անունը կրող աստղին։ Երեկոյան Ազնավուրի հրապարակ են եկել նաև կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչապետը տեղեկացրել է, որ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր:

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային կիրակին սկսեց առողջ ապրելակերպի քարոզով։ «Հեղափոխական» հեծանիվով գնաց կառավարություն՝ ամբողջ ընթացքը ցուցադրելով ուղիղ միացմամբ։ Բոլորին կոչ արեց չծխել, կիսվեց նիկոտինից կախվածության դեմ պայքարի սեփական փորձով։

Կառավարությունից վարչապետը կրկին հեծանիվով ուղևորվեց «Կամար բիզնես» կենտրոն՝ մասնակցելու բիզնես կենտրոնի բացմանը։ Չնայած Մոսկվայում գործարարների հետ հանդիպմանը Փաշինյանի եւ ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները լարված տպավորություն էին թողել, նրանց հանդիպումը «Ամերիաբանկի» դիմաց բավական ջերմ էր։

Բացման արարողությունից հետո Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։  Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է  տվել Փաշինյանին՝ պահանջելով պաշտպանել իրեն՝ իր հասցեին հրապարակային հնչեցրած զրպարտությունից։

Երբ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Փաշինյանը պատասխանեց՝  չի բացառվում՝ մինչև տարվա վերջ։ Ինքը նախատեսածի համաձայն, կսկսի բանակցությունները խորհրդարանական ուժերի հետ, եթե դրանք ձախողվեն, չի բացառում, որ նորից հրապարակի ճնշմանը դիմեն։

Ե՞րբ է վերջապես կայանալու Վլադիմիր Պուտինի հայտարարված այցը Հայաստան։ Կամ այս տարվա վերջ, կամ հաջորդ տարվա սկիզբ՝ ասաց Փաշինյանն ու բացատրեց՝ ինչու։

Դուշանբեում Փաշինյանը երկու կարճ հանդիպում էր ունեցել Իլհամ Ալիևի հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել սահմանին լարվածությունը թուլացնելու, նաև կողմերի միջև օպերատիվ հաղորդակցության համակարգ ստեղծելու վերաբերյալ։ Վարչապետը վստահեցրեց՝ ինքն արդեն տվել է բոլոր հանձնարարականները, իհարկե, չի բացառում, որ Ադրբեջանի ղեկավարությունը կխախտի պայմանավորվածությունը, մինչև այդ հայկական կողմը լիարժեք պահպանում է այն։ Ի՞նչ տպավորություն է ստացել վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից։

Փաշինյանը հեռացավ ինչպես եկել էր՝ հեծանիվով, թիկնապահներն էլ շտապեցին նրա հետևից։

Խորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիաները պաշտոնապես կարելի է համարել մեկնարկած։ Այսօր երեկոյան լրագրողները նկատեցին Փաշինյանին՝ Երևանի սրճարաններից մեկում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցելիս։ Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սա առաջին շփումն էր ՀՀԿ ներկայացուցչի հետ, մեկ հանդիպման արդյունքում հնարավոր չէ որոշում կայացնել։ Մտքեր են փոխանակել, պայմանավորվել, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի։ Փաշինյանը բացառեց 2022 թվականին հերթական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. երկրում սահմանադրական ճգնաժամ է, կառավարությունը չի կարողանում աշխատել։ Ընտրությունները պետք է տեղի ունենան երկու երեք ամսվա ընթացքում։ Փաշինյանը նշեց երկու պայմանավորվածություն, որոնցից մեկը կարող է ձեռք բերվել բանակցությունների արդյունքում։

Ամփոփելով վարչապետի հետ հանդիպումը՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց՝ բանակցությունները դեռ չեն ավարտվել, երբ ավարտվեն մյուս քաղաքական ուժերի հետ բանակցությունները, իրենք նորից կհանդիպեն բոլոր խորհրդարանական ուժերով։ ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների գլխավոր թեման խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են։ Հանրապետականը դեմ է ընտրությունները հնարավորին շուտ անցկացնելու՝ Փաշինյանի ծրագրերին։

Ավելի վաղ խորհրդարանում արտահերթ ընտրությունների թեմայով կարծիքներ են հայտնել նաև քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչները։ Էդմոն Մարուքյանն ասել է՝ իրենց հետ բանակցություններ դեռ չեն սկսվեն, կոնկրետ առաջարկ լինի, կքննարկեն։ «Լույս» դաշինքը դեմ չի լինի, եթե ընտրություններն այս տարի անցկացվեն, իրենք պատրաստ են, սակայն պատրաստվելու հնարավորություն պետք է տալ նաև մյուս ուժերին։

ԲՀԿ ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանին զայրացրել էր Փաշինյանի հայտարարությունը, թե գործող խորհրդարանը վստահություն չի ներշնչում։ Ինչո՞ւ է գալիս բանակցելու խորհրդարանի հետ, եթե կասկածում է դրա լեգիտիմությանը։

Էդուարդ Շարմազանովն ասաց, նույնիսկ եթե խմբակցությունը համաձայնի, ինքն անձամբ դեմ է քվեարկելու շուտափույթ արտահերթ ընտրություններին։

Շարմազանովը հիշեց նաև Փաշինյանի հայտարարությունը՝ Ալիևի կրթված լինելու մասին և հեգնեց։

Արցախում կրկին զինծառայող է մահացել։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում դեռեւս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել 21–ամյա զինծառայող Գեւորգ Հարոյանը: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացել է։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 1-ին կազմել է 483, եվրոյինը՝ 561, բրիտանական ֆունտինը՝ 630  դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան աճել է՝ կազմելով 7.37 դրամ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը և 2-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին եւ 2-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրեւ:  Երևանում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ