News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 6–ը Հայաստանում հայտարարվել է սգո օր։ Այդ օրը Ֆրանսիայում հողին են հանձնելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու օրով մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Ազնավուրի հոգեհանգստին եւ հուղարկավորությանը։

Հոկտեմբերի 5–ին՝ Ազնավուրի հրապարակում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ, ինչի կապակցությամբ այդ օրը ժամը 10:00-24:00-ը փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:

Կառավարությունն այսօր քննարկել եւ ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման օրերը՝ հոկտեմբերի 11–ը եւ 12–ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու մասին որոշման նախագիծը։ Քննարկումն ուղեկցվել է ուշագրավ էպիզոդներով։ Հարցեր են առաջացել օրենքում առաջարկվող փոփոխության ձեւակերպումների հետ կապված։

Զեյնալյանի դիտարկումը ծիծաղի պոռթկում է առաջացրել։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկար ժամանակ դժվարությամբ էր զսպում ծիծաղը։

Փաշինյանը դժգոհել է՝ ինչու օրենքում հստակ ամրագրել 4 եւ ավելի նախագահներ ձեւակերպումը, եթե կարելի է ավելի ընդհանրական ձեւակերպում տալ, որպեսզի գալիք խոշոր միջոցառումներից յուրաքանչյուրի համար ստիպված չլինեն կրկին օրենք փոխել։

Կառավարության անդամները վարչապետին հակադարձել են՝ եթե նրա առաջարկով փոխեն նախագիծը, Ազգային ժողովում դա կարող են իրենց ձեւով մեկնաբանել եւ քննադատել։

Չնայած նախագիծը Սփյուռքի նախարարության պատասխանատվության դաշտում չէր, երիտասարդ նախարարը հարկ համարեց իր կարծիքն արտահայտել եւ որակում տալ վարչապետի դիրքորոշմանը։

Նախագիծն ընդունվեց։ Վաղը Կառավարության առաջարկով Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի՝ այս նախագիծը հաստատելու համար։

Հոկտեմբերի 2–ի Ազգային ժողովի իրադարձությունները հեռակա բանավեճի առարկա են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պատգամավոր Արմեն Աշոտյանի միջեւ։ Նախօրեին խորհրդարանում Աշոտյանը խոսել էր Ազգային ժողովի շրջափակման ժամանակ գրանցված միջադեպերի, այդ թվում՝ մեքենաներ վնասելու մասին։ Այսօր առավոտյան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որով Աշոտյանին առաջարկել էր հրապարակել այդ դեպքերը, որպեսզի ոստիկանությունը կարողանա հետաքննել դրանք։ Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Աշոտյանն ասել էր՝ վարչապետն ու իշխանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքը, մանիպուլյացիայի ենթարկել ընթերցողներին։

Կառավարության նիստից հետո հոկտեմբերի 2–ի դեպքերին անդրադարձել է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, վստահեցրել, որ իրենք ահազանգ չեն ստացել այդ օրը տեղի ունեցած որեւէ բռնության վերաբերյալ, իսկ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, որին, ըստ Աշոտյանի, ցուցարարները թույլ չէին տվել մտնել Ազգային ժողով, ինքն է հրաժարվել ոստիկանություն հաղորդում տալուց։

Ինչ վերաբերում է հանրահավաքից հետո Հանրապետական պատգամավորներ Միհրան Պողոսյանի եւ Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին, Օսիպյանն ասաց, որ բերման է ենթարկվել 5 մարդ, այդ թվում նշված պատգամավորների թիկնապահներն ու վարորդները։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ այդ օրը նշված խումբը հայհոյել է ցուցարարներին։ Միհրան Պողոսյանը հերքում է այս մեղադրանքը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, ի տարբերություն վարչապետի, չի կարծում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելը խոչընդոտում է օտարերկրյա ներդրումներին։ Այսօր լրագրողների հետ զրույցում Գասպարյանը վստահեցրել է, որ ներդրումներ արվում են, իսկ ներդրողներին հետաքրքրում են ոչ թե ընտրությունները, այլ երկրում հաստատված ժողովրդավարությունը։

Կառավարության որոշմամբ, ԲՀԿ–ական եւ Դաշնակցական 6 մարզպետներ աշխատանքից ազատվել են։

Ավելի վաղ, Արմեն Սարգսյանի հրամանագրերով ազատվել էին երկու կուսակցությունները ներկայացնող 6 նախարարներ։

Թափուր մնացած պորտֆելներից 3–ն արդեն այսօր գտել են իրենց տերերին։ Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել նախկին Հանրապետական Ֆելիքս Ցոլակյանը, տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է «Դեմ եմ» նախաձեռնությունից հայտնի Հակոբ Արշակյանը, որը հեղափոխությունից հետո նույն գերատեսչության փոխնախարարն էր։ Էներգետիկայի նախարար է նշանակվել նույն գերատեսչության փոխնախարար Գարեգին Բաղրամյանը։

Դոլարն աճում է, եվրոն՝ էժանանում։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 4-ին կազմել է 485, եվրոյինը՝ 557, բրիտանական ֆունտինը՝ 629 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է՝ կազմելով 7.32 դրամ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ