Փարիզի պատմական՝ Հաշմանդամների տանն այսօր՝ հոկտեմբերի 5–ին, կազմակերպվել է բացառիկ հուզիչ հրաժեշտի արարողություն սիրո լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին։

Միջոցառումը կազմակերպված էր ֆրանսիական ոճով եւ նրբաճաշակությամբ։ Պատմական համալիրի հսկայական բակի կենտրոնում դրված էր շանսոնյեի աճյունը՝ ծածկված ֆրանսիական դրոշով, կողքին՝ ծաղկեպսակ հայկական դրոշի կապույտ, կարմիր, ծիրանագույնով։

Արարողության մինիմալիզմն ու պարզությունն ավելի էին ընդգծում համաշխարհային մշակույթի ու ամբողջ մարդկության կորստի մեծությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից հետո հնչեց բացառիկ հուզիչ կատարում. զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հնչեց Ազնավուրի երգերից մեկը՝ «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ»՝ առաջին անգամ հայերեն թարգմանությամբ, ֆրանսիացու կատարմամբ։

Շանսոնյեի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։