News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ իր հարեւան երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության հիմնաքարային պատճառը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունն է իր հարեւանների նկատմամբ: Այս մասին գրված է The National Interest-ում հրապարակված հոդվածում, որի հեղինակներն են Ղազախստանում եւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան, RAND կորպորացիայի հետազոտող Ուիլիամ Քորթնին եւ Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Wilson Center-ի փորձագետ Քենեթ Յալովիցը:

Նրանց խոսքով` Ռուսաստանն ուզում է միջազգային ճանաչում ձեռք բերել ազդեցության ոլորտում` որպես նոր Եվրոպական անվտանգության հիմք, սակայն դիմադրության է հանդիպում: Քանի դեռ Մոսկվան չի փոխել իր վերաբերմունքը հարեւանների հանդեպ, ինչպես որ Արեւմուտքն է հորդորում, աշխարհի հետ իր խորացող կապերը կվերափոխեն հետխորհրդային տարածաշրջանը:

Նշվում է, որ Ռուսաստանը դեռեւս մեծ լծակներ ունի հետխորհրդային երկրներում: Այն ռազմաբազաներ ունի Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ Մերձդնեստրում: Մոսկվան գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Ղազախստանը: Ռուսաստանի հեռուստատեսությունը եւ ռադիոն այստեղ մեծ լսարան ունեն:

Ռուսաստանի հարեւանները, երբեմն նաեւ Արեւմուտքի օգնությամբ, փորձեր են անում դիմակայել Մոսկվայի զավթողական ուժին: Արեւմուտքը աջակցում է Վրաստանին եւ Ուկրաինային զինվելու եւ ռազմական պատրաստականության առումով, ինչպես նաեւ վիզայի ազատականացման ռեժիմ է տրամադրել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի քաղաքացիներին:

Հեղինակների կարծիքով` այս ամենը հավանաբար ստիպել են Մոսկվային մեղմացնել վերաբերմունքը, մինչդեռ Չինաստանն իր դիրքերն է ամրապնդել Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում` ներդրումների եւ Նոր մետաքսի ճանապարհի նախաձեռնության միջոցով:

«Ավելին, Ռուսաստանը, ըստ հետազոտողների, ձեռնպահ է մնացել Հայաստանում վերջերս տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը կասեցնելուց եւ չի փորձել խոչընդոտել տեղի վերնախավի մի շարք ներկայացուցիչների դուրս մղմանը` չնայած Մոսկվայի հետ նրանց ունեցած սերտ կապերին: Թեեւ Կրեմլը ակնհայտորեն անհագստացած է, որ նոր կառավարությունը կարող է հետեւել Վրաստանին եւ Ուկրաինային ու ավելի արեւմտամետ ուղղվածություն որդեգրել: Նշվում է, որ Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունները, հավանաբար, սրել են այս մտահոգությունները: Բացի դրանից, Ռուսաստանը ստորագրել է Կասպից ծովի  հռչակագիրը, որը կարող է ազատ ճամփա բացել մի շարք էներգետիկ ծրագրերի իրականացման համար, որոնց Մոսկվան մինչ այդ դեմ էր արտահայտվում»,-գրում են հեղինակները :

Նրանք, սակայն, կարծում են, որ Ռուսաստանի հարեւաններն ու Արեւմուտքը պետք է զգուշություն ցուցաբերեն, քանի որ ճնշման ներքո եւ կենսաթոշակային վերջին բարեփոխումների ոչ դրական արձագանքի ազդեցությամբ Կրեմլը կարող է հայրենասիրական դիվերսիաներ կազմակերպել` իր հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Իսկ այդ ընթացքում Ռուսաստանի հարեւանները բազմաբեւեռ միջազգային կապեր կհաստատեն:

Հեղինակները նշում են, որ որքան Ռուսաստանը չբարելավի հարեւանների հետ իր հարաբերությունները, այնքան հավանականությունը կմեծանա, որ վերջինները կդիմեն այլընտրանքային ուղիների: Այս լարվածության հետ մեկտեղ կշարունակվեն սրվել նաեւ Ռուսաստանի եւ Արեվմուտքի հարաբերությունները: Ուստի Արեւմուտքի առաջնահերթությունների մեջ պետք է լինի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելը:

Տպել
Ամենաշատ