News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ներքաղաքական իրավիճակում կտրուկ շրջադարձ գրանցվեց երկուշաբթի։ Գագիկ Ծառուկյանը գնաց կառավարություն՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ բանակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպմանը Ծառուկյանն ուրախ տրամադրությամբ էր, որը կտրուկ տարբերվում էր վերջին օրերին ԲՀԿ–ական պատգամավորների վրդովված ելույթներից և ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ կոշտ քննադություններից։

Արդյունքում Փաշինյանն ու Ծառուկյանը ստորագրեցին հուշագիր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ։

Հուշագրով «Ծառուկյան դաշինքը», որպես հեղափոխության աջակից ուժ, կողմ է արտահայտվում արտահերթը դեկտեմբերին անցկացնելու վարչապետի նախաձեռնությանը, պարտավորվում է ընտրություններին վարչապետի սեփական թեկնածուին չառաջադրել և այլ ուժի առաջադրած որևէ թեկնածուի չսատարել։

Կողմերը նաև պարտավորվել են նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։

Նույն ժամին կառավարությունում էին նաև ՀՅԴ ներկայացուցիչներ Արսեն Համբարձումյանն ու Սպարտակ Սեյրանյանը։ Նրանք հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև՝ առայժմ պարզ չէ։ Հանդիպումից հետո Արսեն Համբարձումյանն ասել է՝ օգտակար քննարկում են ունեցել, սակայն հրաժարվեց պատասխանել՝ արդյոք հուշագիր ստորագրվելու է, թե ոչ։

Առայժմ անորոշ է մնում նաև ՀՀԿ–ի հետ համաձայնության գալու հնարավորությունը։ Այսօր մի քանի հանրապետական պատգամավորներ առանձին հայտարարություններ են տարածել, որում սատարել են դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի նախաձեռնությունը։

Ամենաանսպասելին Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն էր։ Նախկին գլխավոր դատախազն ասել է, որ ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է: Նիկոլ Փաշինյանը, ըստ Կոստանյանի, ազնիվ է իր նպատակների մեջ, նա հանրապետության լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է, իսկ նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը վտանգներով լի է: Ես միշտ կկանգնեմ իր կողքին, ցանկացած պահի՝ ասել է Կոստանյանը՝ ընդգծելով, որ Հանրապետական խմբակցությունում իր տեսակետը կիսող բազմաթիվ պատգամավորներ կան: Կոստանյանը խոստովանել է, որ նախորդ շաբաթ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպելուց հետո է «հեղափոխվել»։ Կոստանյանը վստահեցրել է՝ նոր կառավարությունից պաշտոն չի ակնկալում, ինքն արդեն աշխատանքի հրավեր է ստացել Եվրամիությունից, մինչեւ դեկտեմբեր վայր կդնի մանդատն ու կլքի Հայաստանը։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կոստանյանը ցանկացել է ստանալ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն նրան մերժել են։

Պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարել է՝  ինքը «դե ֆակտո դադարեցրել է գործունեությունը» ՀՀԿ խմբակցությունում։ Առաջիկա օրերին հանդես կգա խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ։ Արդյոք սա կապված է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հարցի հետ։ Ալիկ Սարգսյանը պատասխանել է՝ ինձ համար միևնույնն է, դեկտեմբերին, հունվարին, թե մայիսին։

Հանրապետականի հաջորդ «դասալիքը» Արման Սահակյանն էր։ Նա հայտարարել է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը եւ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն կողմ է արտահայտվել նաև պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն ավելի վաղ էր լքել ՀՀԿ խմբակցությունը։ Արթուր Գևորգյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է։

Արդյոք սրանով Հանրապետականից առնետավազքը կարելի է համարել սկսված։ Խմբակցությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել իր պատգամավորների պահվածքին։ Կեսօրին, երբ հայտարարությունները դեռ չէին արվել, ԲՀԿ–ի հետ հուշագիրն էլ չէր ստորագրվել, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց՝ իրենք դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու շուրջ Փաշինյանը հետ որևէ համաձայնություն ձեռք չեն բերել։

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ հաստատել է՝ Փաշինյանը հրաժարական կտա առաջիկա օրերին։

Հանգստյան օրերին հանրությանը ցնցեց երկու նախկին պատգամավորների մահվան մասին տեղեկությունը։ Շաբաթ ուշ գիշեր Երևանի ծայրամասերից մեկի ռեստորանում հայտնաբերվեց հրազենի վիրավորում ստացած՝ ԲՀԿ–ական նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո անունով հայտնի Կարո Կարապետյանը, որը մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ կասկածյալը ևս մեկ մականունավոր նախկին պատգամավոր, Կարամելի Հարութ անունով հայտնի Հարություն Ղարագյոզյանն է։ Մի քանի ժամ անց նրա դին հայտնաբերվեց Դավիթաշենի արտադրամասերից մեկի տարածքում՝ գլխին հրազենային վնասվածքով, աջ ձեռքին՝ հրազեն։ Իրավապահների նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, նախկին պատգամավորների միջև գույքային հարցերի հետ կապված վեճ է եղել։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Յուվեցի Կարոյի մտերիմներից Սարգիս Ավագյանը։ Հատկանշական է, որ այդ վեճին ներգրավված է եղել երրորդ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, փորձել է հարթել վեճը։ Հարուցվել է երկու քրեական գործ։

Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Ալրաղացի Լյով մականունով հայտնի Լևոն Սարգսյանը մեղադրվում է տասը տարվա վաղեմության հանցագործության մեջ։ ԱԱԾ–ն հաղորդել է, որ նա պատվիրել է ավազակային հարձակում՝ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա։ Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով հարձակում իրականացնելու համար։ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա ազգականներից մեկը կալանավորվել է։

Ձերբակալվել է գործարար, «Տոյոտա Երևանի» տնօրեն, «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը։ Իրավապահները հաստատել են այս տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել։ Ամբողջ օրվա ընթացքում լրագրողներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ գործի շրջանակում է ձերբակալվել գործարարը։

Դոլարի փոխարժեքը կրկին աճել է։ Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 485, եվրոյինը՝  է 557, բրիտանական ֆունտինը՝ 634 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան նվազել է՝ կազմելով 7.26 դրամ։

Հայաստանի տարածքում 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրեւ։ Երեւանում անձրև է սպասվում հատկապես երեկոյան ժամերին։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ