News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 10–ին մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը։ Նախնական վարկածով, նրա մոտ սրտի կանգ էր գրանցվել։ Խանդոյանը 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կազմում մտել էր ՊՊԾ գնդի տարածք եւ 2 շաբաթ անց ընկերների հետ զենքերը վայր դրել։ Խանդոյանին մյուս խմբի անդամների հետ մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին, նրանց խափանման միջոցը փոխվել փոխվել էր հեղափոխությունից հետո։ Ընկերները վստահեցնում են, որ Խանդոյանին դաժան ծեծի են ենթարկել կալանավայրում, ինչի հետեւանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ 47–ամյա ազատամարտիկը 5 երեխաների հայր էր։ 

Պավլիկ Մանուկյանը հնարավորություն կունենա մասնակցելու ընկերոջ հուղարկավորությանը։ Դատարանն այսօր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել զինված խմբի անդամին։ Դատարանում Խանդոյանի մասին խոսելիս Պավլիկ Մանուկյանը հուզվել է։ 

Ավելի ուշ, դատարանից դուրս գալիս Պավլիկ Մանուկյանն ասել է՝ անպայման գնալու է Սարի թաղ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ շնորհակալություն հայտնելու իրեն հուլիսյան դեպքերի ժամանակ օգնություն ցուցաբերած բնակիչներին եւ կյանքը փրկած բժիշկներին։ 

Այսպիսով, «Սասնա ծռերից» կալանքի տակ այս պահին շարունակում են մնալ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Պաշտպանները միջնորդել էին, որ դատավորը թույլ տար նրանց մասնակցել «Միայնակ գայլի» հուղարկավորությանը, սակայն, դատարանը մերժեց միջնորդությունը։

Երեւանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնել։ Ընտրությունների արդյունքներով՝ 81 տոկոս հավաքած «Իմ քայլը» դաշինքի ցուցակն առաջնորդող դերասան Հայկ Մարությանն օրենքի ուժով դարձել է Երեւանի քաղաքապետ։

Պաշտոնը ստանձնելուց հետո Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել իրեն ընտրողներին եւ վստահեցրել, որ ավագանու 65 անդամներով կանեն ամեն ինչ, որպեսզի երեւանցիները միշտ ժպտան։ 

Քաղաքապետի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13–ին։ Նիստից հետո Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ինչո՞ւ էր քաղաքապետն առաջին նիստին առանց փողկապի ներկայացել։ 

Մարությանը վստահեցրել է, որ կադրերին կընտրի՝ առանց քաղաքական կողմնորոշումը հաշվի առնելու՝ առաջնորդվելով նրանց պրոֆեսիոնալիզմով եւ Երեւանին ծառայելու պատրաստակամությամբ։ Միեւնույն ժամանակ տեղեկացրել է, որ վարչական շրջանների ղեկավարները կփոխվեն, իրենք նույնիսկ արդեն թեկնածուներ ունեն։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Սոֆիա ռոբոտը։ Նա նախ այցելել է Թումո կենտրոն, ապա ՄԱԿ–ի Հայաստանյան գրասենյակում պատասխանել լրագրողների հարցերին։ Սոֆիան նշել է, որ արդեն զգացել է Հայաստանի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը, պարծեցել է Հայաստանի էկոհամակարգի մասին գիտելիքներով եւ խոսել Շառլ Ազնավուրի մասին։ 

ՄԱԿ–ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն ափսոսանք է հայտնել, որ Սոֆիան չի կարող համտեսել հայկական կոնյակն ու գինին։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10–ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ։ Մեր երկիր կայցելեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն l ու Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ինչպես նաեւ տասնյակ երկրների բարձր մակարդակի պատվիրակություններ։

Բազմաթիվ հյուրերի ներկայության պայմաններում՝ երթեւեկությունը պատշաճ կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 11–ը եւ 12–ը կլինեն ոչ աշխատանքային, դրա փոխարեն աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27–ն ու նոյեմբերի 3–ը, երկուսն էլ շաբաթ օրեր են։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ 

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետին զեկուցել է, որ հոկտեմբերի 10–ից 12–ը փակ են լինելու Երեւանի մի շարք փողոցներ, իսկ հոկտեմբերի 11–ին առավոտյան 08։30–ից Երեւանի կենտրոնը փաստացի փակ է լինելու երթեւեկության համար։ Աշխատելու է միայն «Մետրոպոլիտենը»։ 

Անդրադառնալով վաղը Հանրապետության հրապարակում կայանալիք մեծ համերգին՝ Օսիպյանը հորդորել է քաղաքացիներին հրապարակ գալ համերգից 2-3 ժամ շուտ, քանի որ անվտանգության նկատառումներով դրված են լինելու անցակետեր։ Փաշինյանը կատակով նկատել է՝ քաղաքացիները սովոր են հրապարակում բազմություն տեսնել։ 

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանից Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք եղանակը կարող է խանգարել հոկտեմբերի 11–ի համերգին։ Փաստորեն նորանշանակ նախարարը Կառավարության առաջին նիստում ստիպված է եղել եղանակի տեսություն հաղորդել։

Վարչապետ Փաշինյանը նիստում հրապարակել է նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի իր թեկնածուին։ Այս նախարարությունը՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից, մշտապես բաժին է հասնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Այս անգամ էլ նախարարի պաշտոնը ստանձնել է Գաբրիել Ղազարյանը, որը նախկինում նույնպես ԲՀԿ քվոտայով զբաղեցնում էր այդ պորտֆելը։ 

Կառավարության նիստից հետո վարչապետ Փաշինյանը գնացել է խորհրդարան, որտեղ հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ ինքն է նախաձեռնել հանդիպումը նախօրեին Հանրապետականի տարածած այն հայտարարությունից հետո, որ Փաշինյանի հրաժարականից հետո իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։ 

Փաշինյանն անդրադարձել է նաեւ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ մոտ երկու տասնյակ պատգամավորներն իշխանության ճնշումների ներքո են ստորագրել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի նախաձեռնությունը սատարող հայտարարությունը։ 

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։

Գործարար Սամվել Մայրապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը դատարանը հրապարակել է երեկ կեսգիշերին մոտ։ Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Երկար վերելքից հետո դոլարի փոխարժեքը թուլացել է, եվրոն՝ թանկացել։ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 485, եվրոյինը՝ 558, բրիտանական ֆունտինը՝ 638 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է՝ կազմելով է 7.34 դրամ։

Հոկտեմբերի 11-ին առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է թույլ անձրեւ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ