News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը մեկնարկեց ծափահարություններով՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։

ՖՄԿ գագաթնաժողովի նիստը բացելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց ֆրանսերենով՝ հիշատակելով վերջերս կյանքից հեռացած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին. «Կցանկանայի բացահայտել այն անսահման ցավը, որ ինձ համակում է, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին: Այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին: Այդ մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը 100 տոկոսով ֆրանսիացի, միաժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել՝ այնքան շատ կցանկանար այսօր լինել մեր կողքին՝ դրսեւորելու իր նվիրվածությունը իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային ու Հայաստանին, նշանավորելու համար Ֆրանկոֆոնիայի տոնը, որին ամբողջ կյանքում ծառայում էր: Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք բազմաթիվ սերունդների են ուղեկցել, դեռ երկար կմնան մեր հիշողություններում: Մենք սգում ենք, որովհետեւ սիրում ենք: Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում եւ մենք հավերժ երախտապարտ կլինենք դրան դրա համար: Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում: Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել նրա ներկայությունը»,–նշեց Փաշինյանը: Դահլիճն արձագանքեց բուռն ծափահարություններով։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ ինքն անձամբ եւ ամբողջ հայ ժողովուրդը «ուրախ ենք Երեւանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը»։ «Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։ Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը։ Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը եւ այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական եւ ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների եւ կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար եւ համերաշխ հասարակության մեջ»,–հավելեց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ երկրին վստահել են կազմակերպությունն ու գագաթնաժողովի անցկացումը. «Մենք գիտակցում ենք պատասխանատվությունն ու ցանկանում ենք, որ մեր հիշողություններում այն մնա որպես բացառիկ իրադարձություն»,–եզրափակեց վարչապետը՝ ընդգծելով, որ ՀՀ–ն անվերապահորեն կիսում է ՖՄԿ արժեքներն, որոնցից գլխավորը ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ