News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, այցելել է Մարալիկ եւ հանդիպել թե համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող բնակիչների, թե համայնքապետի հետ:

Նախքան համայնքի ղեկավարի հետ հանդիպումը նա բնակիչներին տեղեկացրել է, որ ուսումնասիրություն են կատարելու եւ հատ առ հատ նայելու են, թե պետբյուջեի միջոցները ինչպես են ծախսվել:

«Ես համայնքապետից հրաժարական պահանջելու իրավասություն չունեմ, դա ձեր իրավասությունն է, դուք պահանջում եք: Որեւէ մեկը ո´չ գյուղապետ, ո´չ քաղաքապետ, ո´չ նախագահ չի ծնվել, ճգնաժամի լուծման տարբերակ կա»,-նշել է Սանասարյանը՝ հավելելով, որ պետք է օբյեկտիվ ուսումնասիրություն անցկացնեն՝ իրավիճակը հասկանալու համար:

Նա կոչ է արել բնակիչներին բացել համայնքապետարանի դուռը, որի փակված լինելու պատճառով աշխատակիցները չէին կարող մուտք գործել: Արդեն համայնքապետ Արտակ Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ Դավիթ Սանասարյանը խնդրել է իրենց տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչին վերջինս պատասխանել է, որ այսօր ոչ աշխատանքային օր է եւ աշխատակիցներն աշխատանքի չեն, իսկ երկուշաբթի սիրով կտարադրեն բոլոր փաստաթղթերը:

Արտակ Գեւորգյանը հայտարարել է, որ ինքն ընտրված անձ է, արդեն 11 ամիս պաշտոնավարում է, իսկ իր դեմ բողոքողների շարքում կան անձինք, որ օրենքի հետ խնդիրներ ունեն, սեփական շահեր ունեն, եւ կան նախկին թեկնածուներ, որ ձայն չեն ստացել: Ի պատասխան Դավիթ Սանասարյանը արձագանքել է, որ այս պահին կա ճգնաժամ, որը լուծում է պահանջում, ճիշտ չէ, որ այս ճգնաժամը երկար տեւի:

Հանդիպումից հետո Դավիթ Սանասարյանը եւս մեկ անգամ հանդիպել է  բողոքող բնակիչների հետ եւ կոչ արել չփակել համայնքապետարանի շենքը: «Խնդրում եմ, հանգիստ դուք ձեր գործով գնացեք, եթե հասել ենք այստեղ, ուրեմն զբաղվում ենք այդ գործով, թողեք ելումուտ անեն, խոչընդոտներ չլինեն համայնքապետի աշխատողների համար, նրանց պետք է շատ հարցեր տանք, դրա համար խնդրում ենք այս բողոքի ակցիան, գոնե ժամանակավորապես դադարեցրեք»,-ընդգծել է Սանասարյանը եւ հավելել, որ հրաժարական պահանջելը բնակիչների իրավունքն է:

Տպել
Ամենաշատ