News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում կայուն մեծամասնություն գոյություն չունի, եւ խնդիրը պետք է հաղթահարվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա անդրադառնալով ստեղծված իրավիճակին, որ շատերի կարծիքով Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է, քանի որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժ չկա, Գագիկ Հարությունյանն ասաց, որ բացի առաջարկվող լուծումներից, մասնավորապես, վարչապետի հրաժարականով ու երկու անգամ վարչապետ չընտրելով, այլ Սահմանադրությունը լուծման այլ տարբերակ եւս ունի:

«Ճգնաժամ հասկացության վերաբերյալ մեկնաբանությունները քիչ ավելի այլ կերպ են արվում, քան կարող են արվել: Ես խնդիրը տեսնում եմ այլ հարթության մեջ: Սահմանադրությունն ունի 89-րդ հոդված, որի առաջին նախադասությամբ ասվում է, որ ԱԺ-ն ընտրվում է  համամասնական կարգով, եւ երկրորդ նախադասությամբ ասում է, որ  պետք է ապահովել ԱԺ-ում կայուն մեծամասնություն: Սա խորհրդարանական  կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորումը: Եվ եթե ուշադիր ընթերցեք՝ կա նաեւ երկրորդ մաս, եթե ընտրության արդյունքում կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա երկրորդ փուլ է տեղի ունենում: Իսկ եթե երկրորդ փուլով կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ուրեմն պետք է նոր ընտրություններ լինեն:

Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, եթե փլուզվում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը, այ խնդիրը, արմատն այստեղ է, թե ինչ անել»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այս հարցում օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում, որովհետեւ խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձեւավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է  Ընտրական օրենսգրքին,  որ կոալիցիայի ձեւավորման կարգն ու սահմանափակումները սահմանվում են ԸՕ-ով:

«Ընտրական օրենսգիրքը դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ վեց օրվա ընթացքում կարելի է կոալիցիաներ ձեւավորել, որոնք կունենան կայուն մեծամասնություն եւ կձեւավորեն կառավարություն:

Ի տարբերություն Սահմանադրության այս կարգավորման, «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսել է կոալիցիայի ձեւավորման այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության եւ ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն: Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է հաղթահարվի: Դա կարող է հաղթահարվել ոչ միայն Սահմանադրության 49 եւ 51 հոդվածների հիմքով ԱԺ-ն լուծարելու արդյունքում, այլ կարող էր հենց 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից: 92-րդ հոդվածը տալիս է այն հիմքերը, որով ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է: Ես ԱԺ-ն արձակելու հիմքերում կավելացնեի, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետեւ խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն եւ ԱԺ-այլ ինստիտուտներ հարաբերություններում»,-հայտարարեդ ԲԴԽ նախագահը:

Նրա խոսքով, Սահմանադրության 92-րդ հոդվածում փոփոխություն կատարելու համար հանրաքվե անհրաժեշտ է. «Լուծումներ կան Սահմանադրության մեջ, եւ այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ