News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Անիվ» հիմնադրամը ֆինանսավորում է հայագիտության հետ կապված որոշակի ուսումնասիրություններ, ինչպես նաեւ այս թեմայով գրքեր է հրատարակում եւ կազմակերպում գիտաժողովների անցկացումը: Այս մասին հոկտեմբերի 15-18-ը Երեւանում անցկացվող «Բալթիկից մինչեւ Սեւ ծով: Հայերը՝ մշակութային, տնտեսական եւ քաղաքական գործընթացներում» թեմայով միջազգային գիտաժողովի շրջանակում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության «Անիվ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արտաշես Շիրիկյանը:

Նրա խոսքով՝ նման կարգի գիտաժողովներն անցկացվում են 2 տարին մեկ անգամ, սա իրենց կազմակերպած արդեն չորրորդ միջազգային գիտաժողովն է, որ նվիրված է հայագիտությանը: «Երկու գիտաժողով է եղել Մինսկում, նախանցած տարի էլ մեկ խոշոր գիտաժողով է անցկացվել Մոսկվայում»,- հավելեց Շիրիկյանը:

Նա, միաժամանակ, նշեց, որ նման կարգի համաժողովների անցկացումը հետեւողական գործընթաց է, եւ 2 տարի հետո սպասվում է հայագիտությանը նվիրված նոր միջազգային գիտական միջոցառման կազմակերպումը:

Արտաշես Շիրիկյանը շեշտեց, որ իրենք մի քանի նպատակներ են հետապնդում: Դրանցից մեկը այս թեմայով նոր հետազոտությունների ներկայացումն է: Դրանից բացի, գիտաժողովների անցկացումից հետո պարտադիր գիրք է հրատարակվում, որտեղ ամփոփվում են ներկայացված բոլոր զեկույցներն ու գիտական ուսումնասիրությունները:

«Անիվ» հիմնադրամի խորհրդի նախագահը նշեց, որ այս կերպ ցանկանում են հարթակ ստեղծել, որտեղ այս ոլորտի հետազոտողները կկարողանան ծանոթանալ ոչ միայն այն գործընթացներին, որոնք ընթանում են հայագիտության ոլորտում, այլեւ միմյանց հետ անձամբ ծանոթանալու հնարավորություն կունենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ