News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է՝ խորհրդարանում առանց ՀՀԿ–ի տխուր կլինի։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի տեսք կունենա խորհրդարանը, եթե արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀԿ–ն չլինի ԱԺ–ի կազմում։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն կարող է լավ ընդդիմություն լինել խորհրդարանում, նա ասաց. «Իմ կարծիքով՝ այն քաղաքական ուժը, որն իշխանության ժամանակ կարողացել է օպերատիվ աշխատել, նույն հաջողությամբ պետք է ընդդիմադիր դաշտում աշխատի, եթե նա գաղափարական քաղաքական ուժ է, ապա պետք է պատրաստ լինես եւ՛ ընդդիմություն, եւ՛ իշխանություն լինելու»։

Արտահերթ ընտրությունների ՀՀԿ-ի մասնակցության մասին հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «Ընտրական օրենսգրքի քննարկումը վաղը կկազմակերպենք, որից հետո մասնակցության հետ կապված կորոշենք»։

Հարցին՝ ԸՕ-ի փոփոխություններից կախվա՞ծ է նրանց մասնակցության հարցը, ՀՀԿ–ական պատգամավորը հայտնեց․ «Մի քանի բաղադրիչներից է կախված, մենք դեռ ուսումնասիրություններ ենք կատարում եւ դրա որոշումը կկայացնենք»։

16 պատգամավորների, որոնց մեծ մասը ՀՀԿ–ական, միանալը դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին Բաղդասարյանը նորմալ է վերաբերում. «Որեւէ պարտադրանք չի եղել մեր կողմից կամ միանալ, կամ չմիանալ, յուրաքանչյուրն իր կարծիքն է հայտնել»։

Հարցին՝ անակնկա՞լ էր խմբակցության համար այս երեւույթը, նա հայտնեց. «Խմբակցության նիստի ժամանակ բոլորը միանշանակ դեմ են եղել դեկտեմբերին»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ստորագրածների ճնշող մեծամասնությունը խմբակցության անդամ չեն։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ընտրական օրենսգրքում խորհրդարան անցնելու շեմն իջեցնելը, իր կարծիքով, լա՞վ է, Բաղդասարյանը  պատասխանեց, որ իրենք կողմնակից են որ շատ քաղաքական ուժեր ներկայացված լինեն ԱԺ–ում, սակայն ոչ մարդ–կուսակցություններ. «Օրենքն ասում է, որ 4-ից պակաս չի լինելու. 4-ից պակաս դա այն իրավիճակը չէ, որը հարիր է խորհրդարանական երկրին, բայց ամենակարեւոր հանգամանքն այն է, որ խորհրդարանում ձեւավորվի իրական ընդդիմություն»։

Հարցին, թե իրենք ե՞ւս սխալ են համարում խորհրդարանում պարտադիր 4 ուժ ունենալու դրույթը, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց․ «Մենք գնում էինք գլոբալիզացման՝ մարդ-կուսակցությունների հետ կապված, սակայն, կարծես թե, նորից այդ քայլին են գնում, որ մարդ-կուսակցություններ ներկայացված լինեն։ Բնական է, որ ի սկզբանե դեմ ենք եղել դրան։ Խորհրդարանական պետությանը հարիր երկրում պետք է կայացած քաղաքական ուժեր մուտք գործեն, եւ ձեւավորվի իրական ընդդիմություն, իսկ դեկտեմբերին ընտրություն անելն այդ հնարավորությունը չի տալիս։ Այս պատճառով ենք մենք դեմ եղել ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, որպեսզի քաղաքական ուժերին հնարավորություն տրվի նախապատրաստվել։ Խոսքը նաեւ նոր ստեղծված քաղաքական ուժերի մասին է, քանի որ նրանք 1-2 ամսում չեն կարողանա պատրաստվել ու գնալ ընտրությունների»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ