News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումն ավարտվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

«Հանդիպման ժամանակ պարոն Մեջլումյանը ներկայացրել է իր տեսակետը, խնդիրները` կապված պղնձաձուլարանի հետ: Մեր կողմից որևէ առաջարկ չի եղել, մեր նպատակն էր հասկանալ պարոն Մեջլումյանի մտահոգությունները, գործարանի խնդիրները: Առաջին հերթին պետք է իրար լսենք, հասկանանք՝ ինչ խնդիրներ կան, երկրորդ փուլում տեսակետները մոտեցնելն է, երրորդ փուլում՝ լուծումներ գտնելը։ Կառավարությունում կքննարկենք առաջարկված մոտեցումները, կհստակեցնենք մեր մոտեցումները եւ եւս մեկ հանդիպում կունենանք»,- ասաց Սիսեռյանը:

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն էլ նշեց, որ մինչեւ երկուշաբթի գործարանը կաշխատի, իսկ եթե հետագայում որոշում կայացվի գործարանը փակել, ապա գործարանի աշխատակիցները նորից բողոքի ակցիա կկազմակերպեն։

«Ալավերդին առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակում է, գործարանի փակումը ավելի կծանրացնի քաղաքի բնակիչների վիճակը՝ փաստացի անգործ թողնելով 620 աշխատողի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն այլեւս չի աշխատելու եւ արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:

Գործարանի փակվելու դեպքում 620 մարդ կմնա առանց աշխատանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ