News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը


ՀՀԿ–ն պետք է անպայման գնա արտահերթ ընտրությունների, որովհետեւ եթե դու քաղաքական ուժ ես, ունես գաղափարախոսություն, ծրագիր, անցած ճանապարհ եւ շատ լավ քաղաքական թիմ, դու պետք է գնաս։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչո՞ւ չպետք է գնա Հանրապետականը, ՀԱԿ–ը պետք է գնա, ՕԵԿ–ը պետք է գնա, «Ծառուկյան» դաշինքը պետք է գնա, ՀԺԿ–ն պետք է գնա, «Սասնա ծռերը» պետք է գնան... մի կուսակցություն, որի ակունքները գալիս են Ազգային Միացյալ Կուսակցությունից,  Աշոտ Նավասարդյանից, Ստեփան Զատիկյանից, Հայկազ Խաչատրյանից, անկախական շարժումից, մի կուսակցություն, որի ամբողջ գաղափարախոսությունը անկախության ջահը վառ պահելն է, Արցախյան դատի եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, ինչո՞ւ չպիտի գնա։ Այդ ո՞ր կուսակցությունն ունի ավելի շատ քաղաքական դեմքեր, ռեսուրս, ասելիք, քան մենք, պետք է գնանք՝ ժողովուրդն իր կարծիքն ասի»,–ասաց Շարմազանովը։

Արտահերթ ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցության ամենակարեւոր կռվանը Շարմազանովը համարում է Հայաստանի քաղաքական համակարգին իրական ընդդիմության անհրաժեշտությունը։

«Այս 5–6 ամիսը ի՞նչ են ցույց տվել՝ որ իրական ընդդիմությունը մենք ենք, չէ՞։ Միայն ես եմ չէ՞ ու իմ Հանրապետական մի քանի ընկերները  քննադատել գործող իշխանության քաղաքականությունը, ոչ թե անձնավորված։ Բացի մեզանից, մեկ էլ Դաշնակցությունից, ո՞վ է գործող քաղաքական գծին դեմ գնացել։ Բոլորը ծափահարել են Փաշինյանի քաղաքականությանը։ Այսինքն, մենք ո՞ւր ենք գնում։ Նախկինում ընդդիմությունը պայքարում էր քաղաքական մենաշնորհի ձեւավորման դեմ, հիմա նոր քաղաքական մենաշնո՞րհ են ձեւավորում։ Գնում ենք միակուսակցական խորհրդարանի՞, որտեղ կլինի Փաշինյանը եւ նրան բացահայտ ծափահարողները եւ իբր թե ընդդիմություն, որը իրականում կեղծ՝ գրպանային ընդդիմություն պիտի լինի, որն իրականում չի ծափահարի, բայց գաղտնի կծափահարի»,–ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։ 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

Տպել
Partner news