News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կոնսենսուս չկա մինչ օրս, քաղաքական ուժերի հետ ամբողջական քննարկում չի իրականացվել եւ կառավարությունը, փաստացի, բերել է իր տարբերակը. լսումների ռեժիմը չի աշխատել, այսինքն, սա օրենսգիրք է, որ ձեւի համար ասեն՝ դե էս էլ ենք արել։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

«Ընտրական օրենսգիրքը ֆունդամենտալ օրենք է եւ եթե մենք ձեւի համար ենք քննարկում եւ ձեւի համար պետք է գանք՝ դակենք, սա ձեւ չի։ Նույն Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, քննադատում էր, որ չի կարելի ԱԺ բերել օրենքներ եւ հապճեպ անցկացնել կամ պատգամավորներին դակողների տեղ դնել. պետք է օրինագծերը անցնեն պրոցեդուրաներ»,–ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ քննարկման ընթացք ինքը չի տեսել. « Ես առնվազն աշնան ընթացքում Ընտրական օրենսգրքի հրապարակային որեւէ քննարկում չեմ տեսել, չեմ լսել, աշնան մեկ ու կես ամիսն անցել է եւ նոր կառավարությունը փորձում է բերել ԱԺ»։

«Ռեյտինգային, հասկացանք, ասում են՝ չլինի, բա հիմա բա՞ց ցուցակով, թե՞ փակ ցուցակով է՝ ամեն քաղաքական ուժ մի բան է ասում, Վենետիկի հանձնաժողովը պիտի նորմալ ուսումնասիրի՝ ժամկետներ կա՞ն, թե՞ չկան, միջազգային կազմակերպությունների հետ քննարկե՞լ են, թե՞ չեն քննարկել, ԵՄ, ԱՄՆ գործընկերների հետ քննարկե՞լ են, թե՞ ոչ, հազար ու մի խնդիր կա՝ տեխնիկական վերազինման, տեսախցիկների, մատնահետքերի խնդիր կա, ցուցակների մաքրման խնդիր կա, իրենք էին, չէ՞ խոսում»,–մտահոգություն հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակը։

Նա նկատեց, որ եթե Փաշինյանը որոշել է, որ իր համար կարեւորը արդյունքն է, միգուցե այդ արդյունքին հասնի. «Ինչպես հասավ նախորդ տարբեր արդյունքներին՝ ճնշումով, սպառնալիքներով, համոզելով, բայց սա ձեւ չի, աշխատաոճ չի, ափալ–թափալ բերել Ընտրական օրենսգիրքը, որտեղ քաղաքական ուժերի միջեւ դեռ չկա լուրջ, նորմալ կոնսենսուս. Դաշնակցությունն ասում է՝ բաց ցուցակ, մեկ այլ կուսակցություն կարող է ասել՝ ռեյտինգային, մյուսն ասի՝ համամասնական փակ ցուցակ, մի մասը շեմի իջեցմանը դեմ ա, մի մասը բարձրացմանն է կողմ, հազար ու մի խնդիր կա»։

Նա վստահ է, որ Ընտրական օրենսգիրքը այն օրենքը չէ, որ հրատապ, առանց քննարկման կարելի է ընդունել. «Արագ՝ ոտի վրա, ձեռի հետ վարչապետի հրաժարականի պարագայում արագ–արագ ընդունենք, անցնենք։ Եթե տենց է, լիքը օրենքներ կան, բերեք, մի գիշերվա մեջ մի հազար հատ օրենք կդակենք, կանցնի, կասենք՝ ամեն ինչ արինք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ