News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Կառավարության նիստում բացատրեց, թե ինչու է Սյունիքի մարզպետ նշանակել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին։

Փաշինյանը հիշեցրեց, որ Պողոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության պետի առաջին տեղակալ նախորդ կառավարության կամ նախորդ իշխանության ժամանակ։

«Ես կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ։ Երեւանի քաղաքապետի երդմնակալության օրն իմ ելույթում ես ասացի հետհեղափոխական ժամանակների մեր պատկերացրած տրամաբանությունը, եւ ասացի, որ մեզ համար ամենակարեւորն է ավարտված համարել ՀՀ–ում ոչ բռնի թավշյա հեղափոխությունը եւ մեր ժողովրդի ներուժը ներգրավվել Հայաստանի զարգացման հետագա գործում։ Ես կարեւոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որեւէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում եւ մենք չպետք է թույլ տանք, որ զարգանա այսպիսի մի երեւույթ՝ քաղաքական ռասիզմ»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով, սա չի նշանակում, որ իրենք փակում են կադրային փոփոխությունների, օպտիմալացման փուլը։

«Այսօր էլ մեր կառավարման համակարգը, ըստ էության, 90 տոկոսով մնացել է նույնը: Ես ուղիղ եմ ուզում ասել, որ այդ 90 տոկոսի մեջ կա մեծ տոկոս, որ ցանկություն չունի աշխատելու, նաև այնպես անելու, որ ուրիշները չկարողանան աշխատել, բայց ակնհայտորեն կան որոշակի սաբոտաժին նմանվող հնարավորություններ տվող երեւույթներ», - ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը վերջում շնորհավորեց նորանշանակ մարզպետներին՝ մաղթելով հաջողություն ու արդյունավետ աշխատանք:

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում 3 նոր մարզպետ նշանակվեց: Մասնավորապես, Սյունիքի մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ նշանակվեց Դավիթ Գեւորգյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց Համբարձում Մաթեւոսյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ աշխատանքից ազատում ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական մարզպետներին, որոնք թվով 6-ն էին:

Նախորդ կառավարության նիստում Գեղարքունիքի մարզպետ էր նշանակվել Գնել Սանոսյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Տրդատ Սարգսյանը եւ Լոռու մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանը:

Դավիթ Գեւորգյանը զբաղեցնում էր Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարի պաշտոնը:

Բնականաբար, ինչ-որ բանի սպասում էի. ես նոր Հայաստանի կողմնակից եմ. Հունան Պողոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ